Հուլիսի 26-ին «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը հյուրընկալել է ԲՏԱ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանին:
Մխիթար Հայրապետյանը կոմիտեի նախագահին է ներկայացրել «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մեկուկեսամյա մագիստրոսական կրթական ծրագիրը, որի շրջանակում ուսանողների համար դասախոսություններ են կարդալու արտերկրի առաջատար բուհերից հրավիրված հայազգի գիտնականները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հանրակրթական դպրոցներում STEM ուղղությունների զարգացմանն ուղղված ջանքերին: Այս համատեքստում խոսել են բնագիտական առարկաների գծով ուսուցիչների պակասի խնդրի մասին, ինչպես նաև ընդգծել բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաների անհրաժեշտությունը:
Արտյոմ Մեհրաբյանը, իր հերթին, անդրադարձել է ռազմարդյունաբերության ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպմանը, կարևորել կրթության միջոցով մեր երկրում համապատասխան մասնագետների պատրաստումը:
Հանդիպման ավարտին Մխիթար Հայրապետյանը նշել է, որ «Իմ քայլը» հիմնադրամը նպատակ ունի բացահայտել մեր երկրի և համայն հայության կարևորագույն, մշտապես վերարտադրելի ռեսուրսը՝ մարդկային կապիտալը, կատարել երկարաժամկետ ներդրումներ՝ համառ, տևական ու հետևողական աշխատանքի միջոցով ձևավորելով առավել որակյալ և մրցունակ հասարակություն, որն էլ, իր հերթին, պատրաստ կլինի դիմագրավել ապագայի անգամ ամենադժվարին մարտահրավերներին։