Մեր առաքելությունը
Մարդու առօրյա, կենցաղային կարիքներն ուղղակի և անմիջականորեն հոգալն իբրև բարեգործություն, բնորոշ ու արդարացված է ճգնաժամային իրավիճակներում, երբ ընդամենը կենսական գոյության խնդիր է դրված: Մինչդեռ, համեմատաբար կայուն իրավիճակում «նրա փոխարեն» մոտեցմանը փոխարինելու է գալիս «նրա կողքին», ավելի ճիշտ է ասել՝ «նրա հետ» սկզբունքը, ինչը ոչ միայն երկարաժամկետ, այլև հուսալի երաշխիք է ու սատարում է դրա կարիքն ունեցող յուրաքանչյուրին: Եթե առաջին դեպքում բարեգործության շահառու սուբյեկտը ինչ-ինչ պարագաներում կարող է համակվել իր հանդեպ անվստահության, անվճռականության, պասիվ կրավորականության, երբեմն նույնիսկ՝ կախվածության վարք ու բարդույթով, ապա նրա հետ լինելու, աջակից մնալու լավագույն եղանակը նրան օգնելն է կրթվելու, գիտելիք ձեռք բերելու, ունեցած հմտություններն ու կարողությունները զարգացնելու, ամրանալու և այլևս ինքնուրույն հաղթահարելու կյանքի դժվարությունները, որպես բարեգործության շահառուից՝ աշխատաշուկայում մրցունակի, բարիք արարողի վերածվող մեկը:
«Օգնիր մարդուն ոտքի կանգնել, իսկ կանգուն մնալը՝ թող իր սեփական ոտքերին». այս փիլիսոփայությամբ և այս տեսակ բացառիկ մարդասիրական առաքելությանն է կոչված «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, ինչը պահանջում է երկարաժամկետ ներդրումներ, համառ, տևական ու հետևողական աշխատանք։ «Իմ քայլը» հիմնադրամն իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են մարդկային կապիտալի զարգացմանը՝ մարդուն գիտելիք և հմտություն տալու առաջնահերթությամբ:
Հիմնադրամը նպատակ ունի բացահայտել մեր երկրի և համայն հայության կարևորագույն և մշտապես վերարտադրելի ռեսուրսը՝ մարդկային ներուժը, ներդրում կատարել դրանում՝ ձևավորելով առավել որակյալ և մրցունակ հասարակություն, որն էլ, իր հերթին, պատրաստ կլինի դիմագրավել ապագայի անգամ ամենադժվարին մարտահրավերներին։ Մենք առաջնային ենք համարում շարունակական կրթության ներդրման գործընթացը՝ հասարակության բոլոր ուժերի և տարիքային բոլոր շերտերի ներգրավմամբ, քանի որ մեր կյանքի այս աննախադեպ արագությունների ու փոփոխությունների ժամանակներում մարդուն անհրաժեշտ է զարգացնել սեփական գիտելիքները, հմտությունները և կարողություններն իր ողջ կյանքի ընթացքում։