Աննա Հակոբյանը հյուրընկալել է Կանադայում ՀՀ պատվո հյուպատոս Վան Լապոյանին

18 Ապրիլի, 2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile - Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 18-ին ընդունել է Տորոնտոյում ՀՀ պատվավոր հյուպատոս, գործարար, «VHL Developments» շինարարական ընկերության հիմնադիր Վան Լապոյանին, «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի Կանադայի ներկայացուցիչ Խորեն Մարդոյանին և Հայկ Լապոյանին:

Հանդիպմանը մասնակցել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը: Վան Լապոյանը խնդրել է մանրամասն ներկայացնել «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը՝ շեշտելով, որ Կանադայում բազմաթիվ հայ գործարարներ ցանկություն ունեն իրենց մասնակցությունն ունենալ հիմնադրամի ծրագրերում: Աննա Հակոբյանը նշել է, որ հիմնադրամի ուղղությունները լայն են և ընդգրկուն:

«Հիմնադրամի բոլոր ծրագրերի հիմքում կրթությունն է: Մեր նպատակն է երկարաժամկետ ծրագրերի միջոցով հասնել լուրջ փոփոխությունների, բարձրացնել մարդկանց կենսամակարդակը, փոխել մտածելակերպը»,- ասել է Հովհաննես Ղազարյանը՝ մանրամասն ներկայացնելով հիմնադրամի գործունեության ուղղությունները:

Վան Լապոյանի խնդրանքով Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագրի հիմնական ուղղությունները: Ղազարյանը ասել է, որ ծրագիրն իրականացման փուլում է և հիմնական նպատակն է հասարակության լայն զանգվածների շրջանում հասնել վարքագծի փոփոխության, որ մարդիկ հրաժարվեն պոլիէթիլենե տոպրակներ կիրառելուց:

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված հարցեր: