«Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ 54 երիտասարդներ կսովորեն արտերկրի լավագույն բուհերում

31 Օգոստոսի, 2019
Օգոստոսի 30-ին Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում կայացավ աշխարհի առաջատար համալսարաններ ընդունված և «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի կողմից հաստատված 54 կրթաթոշակառուներին հավաստագրեր հանձնելու արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, հիմնադրամի կրթաթոշակառուները:

Արարողության մեկնարկին «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն իր շնորհավորական խոսքում, մասնավորապես ասել է. «Մեզ համար այսօր իսկապես տոնական օր է, տոնական, թե՛ հիմնադրամի, թե՛ կրթաթոշակառուների համար և ինչու չէ՝ նաև մեր պետության համար, քանի որ մենք տոնում ենք մարդկային կապիտալի զարգացման օրը։ Մարդկային ռեսուրսը մեր երկրի կարևորագույն ռեսուրսն է երկարաժամկետ և հարակայուն զարգացման համար, և Հիմնադրամը՝ որպես առաքելություն, ստանձնել է նպաստել այս ռեսուրսի զարգացմանը։ Շնորհավորում եմ Ձեզ, սիրելի կրթաթոշակառուներ։ Դուք ներդրում եք անում թե՛ Ձեր անձնական հետագա կայացման, թե պետության զարգացման գործում»։

Հիմնադրամի տնօրենը ներկայացրել է կրթաթոշակային ծրագրի վերաբերյալ որոշ մանրամասներ՝ ընդգծելով, որ 2018 թվականի համեմատ Հիմնադրամը կրկնապատկել է կրթաթոշակների քանակը։ Հովհաննես Ղազարյանը նշել է, որ հետաքրքիր պատահականությամբ բացարձակ հավասարություն կա սեռերի միջեւ՝ կրթաթոշակ են ստացել 27 իգական և նույնքան արական սեռի ներկայացուցիչներ։ Համալսարանների աշխարհագրությունը ընդգրկում է 8 երկիր՝ ՄԵծ Բրիտանիա՝ 25 կրթաթոշակառու, ԱՄՆ՝ 20, Իտալիա՝ 3, Կանադա՝ 2, Շվեյցարիա, Սինգապուր, Ֆրանսիա, Ավստրալիա՝ մեկական կրթաթոշակառու։ 54 կրթաթոշակառուներից 23-ը սովորելու են բակալավրիատում, 30՝ը՝ մագիստրատուրայում, իսկ 1-ը՝ ասպիրանտուրայում։

Կրթաթոշակառուներին շնորհավորել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը՝ խոսելով կրթության կարևորության մասին։ «Կարելի է հաց չուտել, որոշ ժամանակ դիմանալ սովին, բայց պարտադիր է ներդրում անել կրթության մեջ: Ես դա պատահական չեմ ասում, այլ ասում եմ իմ ընտանիքի փորձից, որովհետև երբ ես ուսանող էի և սովորում էի Երևանի պետական համալսարանում, շատ դժվարին ժամանակներում էինք ապրում. ծնողներս ընտրում էին զրկել մեզ տարբեր բաներից և այդ գումարը տրամադրել իմ կրթությանը։ Դա, իհարկե, իր արդյունքը տալիս է»։

Անդրադառնալով Հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի համար գումար հայթայթելու խնդրին՝ Աննա Հակոբյանը շարունակել է. «Հայաստանը փոքր ընտանիք է, և այն, ինչ այսօր մենք անում ենք, նման է իմ անձնական, իմ ընտանիքի պատմությանը։ Քանի որ ասել, որ մենք այդ գումարը հեշտությամբ ենք ձեռք բերում՝ դա այդպես չէ։ Եվ այն խոսակցությունը, այն պատկերացումը, որ եթե վարչապետի տիկինն է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, ապա հեշտությամբ բոլոր խնդիրները կլուծվեն՝ դա այդպես չէ։ Ինչպես ընտանիքում, եթե երեխան ընդունվել է համալսարան՝ ծնողները դիմում են տարբեր ծանոթների՝ պարտք են վերցնում, վարկ են վերցնում, նույնը այս իրավիճակում է։ Մենք խնդրում ենք, համոզում ենք, ասում ենք, որ սա ճիշտ ներդրում է, և փորձում ենք գումար հայթայթել»։ Նա ընդգծել է, որ պետությունն սպասում է բոլոր ոլորտներում սովորող ուսանողների վերադարձին հայրենիք այն հույսով, որ իրենց գիտելիքները կօգտագործեն՝ զարգացնելու Հայաստանի Հանրապետությունը:

Ողջույնի խոսք է ասել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ ուսանողները հնարավորություն ունեն բացելու մի նոր էջ իրենց կյանքում, որտեղ ստանալու են նոր գիտելիքներ և հմտություններ, որոնք օգտագործելու են ամբողջ կյանքում. «Լավ է, որ կան նման հիմնադրամներ, որոնք աջակցում են առաջին հերթին՝ մեր երիտասարդներին և երկրորդ հերթին՝ պետությանը, որովհետև բարեփոխումների այս փուլում հիմնականում մեզ անհրաժեշտ են այնպիսի մասնագետներ, որոնք կունենան ստեղծագործելու, վերլուծելու հմտություններ, կունենան նոր գիտելիք և նորարարության ոլորտում հաջողություններ: Սա կարևոր է Հայաստանի Հանրապետության համար: Պետությունը, իր հերթին, որոշակի ջանքեր գործադրում է, բայց մեր գործընկերները նույնպես օգնում են այս ճանապարհին»,- ասել է Հարությունյանը։ Ըստ նախարարի` հետագայում կքննարկվի ծրագիրը ավելի ընդլայնելու հնարավորությունը:

Միջոցառման ավարտին «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ուսանողներին հանձնել են կրթաթոշակների հավաստագրերը։

***

«Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի առաքելությունն է նպաստել Հայաստանի հարակայուն զարգացման առաջնահերթություններից բխող մարդկային կապիտալի հզորացմանը։ Հիմնադրամը կրթաթոշակ է շնորհում տվյալ մասնագիտությամբ աշխարհի լավագույն 20 ուսումնական հաստատություններ ընդունված այն երիտասարդներին, որոնք ցանկանում են ձեռք բերել Հայաստանի կայուն զարգացման առաջնահերթություններից բխող մասնագիտություններ և իրենց գիտելիքն ու հմտությունները ծառայեցնել Հայաստանի առաջընթացին։

2019-2020 ուսումնական տարվա համար Հիմնադրամը ստացել է 90 դիմում աշխարհի տարբեր համալսարաններ ընդունված երիտասարդներից: Այս պահին հաստատվել է 54 դիմորդի հայտ՝ հաշվի առնելով նախօրոք հայտարարված չափորոշիչները, ինչպես նաև առաջնահերթությունները:

Կրթաթոշակառուներին ընտրելիս Հիմնադրամը հաշվի է առել դիմորդի՝

  • ակադեմիական ծրագիրը,
  • մասնագիտությունը,
  • համալսարանը,
  • ներկայացված ծրագրի նախագիծը,
  • մոտիվացիոն նամակը,
  • երաշխավորագրերը,
  • ուսումն ավարտելուց հետո Հայաստան վերադառնալու հանձնառությունը,
  • Ընտրական հանձնաժողովի հետ հարցազրույցի արդյունքները։

«Իմ քայլը» հիմնադրամից կրթաթոշակ ստանալու դեպքում ուսանողը պարտավորվում է ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստան և առնվազն 3 տարի ապրել և աշխատել Հայաստանում։

2019-2020 ուսումնական տարվա «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակառուների ցանկը կարելի է տեսնել այստեղ։

31 Օգոստոսի, 2019
Նորություններ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 14 Փետրվարի, 2020
«Քո հաջողությունը կախված է նրանից, թե որքանով ես ներդաշնակ ընտրածդ մասնագիտության հետ». Անի Ավետիսյան
Անի Ավետիսյանը սովորում է Քեմբրիջի համալսարանի ասպիրանտուրայում։ Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի նախկին ուսանողն արդեն երկար տարիներ եբրայագիտություն է ուսումնասիրում աշխարհի տարբեր կրթօջախներում: Վստահ է, որ վերադառնալու է Հայաստան և իր գիտելիքներով նոր շունչ է հաղորդելու հայրենիքում եբրայագիտության զարգացմանը:
news-listing-img
date piker 12 Դեկտեմբերի, 2019
«Դո՞ւ ես այն տղան, որը ութ տարի պայքարել է Օքսֆորդ գալու համար». Անդրանիկ Իսրայելյան
Անդրանիկ Իսրայելյանը միջազգայնագետ է, պատմական գիտությունների թեկնածու։ Աշխատել է ՀՀ Արտաքին գործերի, Պաշտպանության նախարարություններում, Ազգային ժողովում։ Նա «Իմ քայլը» հիմնադրամի 2018 թվականի կրթաթոշակային ծրագրի մասնակիցներից է։
news-listing-img
date piker 25 Հոկտեմբերի, 2019
Վախեցեք ձեր երազանքներից, դրանք իրականանալու հատկություն ունեն. Հայկ Միքայելյան
Հայկ Միքայելյանը «Իմ քայլը» հիմնադրամի 2018 թվականի կրթաթոշակառուներից է։ Նա այժմ սովորում է Նյու Յորքի համալսարանի Tisch Արվեստի դպրոցի Ինտերակտիվ հեռահաղորդակցության բաժնում։ Հայկը մասնագիտությամբ ծրագրավորող և աճպարար է։