«ՆերՈւժ» Սփյուռքի ստարտափների ծրագիր
Ծրագրի մասին
«Ներուժը» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիր է, որի նպատակն է խթանել Հայաստանում տեխնոլոգիական ձեռներեցության էկոհամակարգը՝ միաժամանակ նպաստելով հայրենադարձությանը և համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավմանը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում։
Ծրագրով նախատեսվում է աշխարհի տարբեր երկրներից նորարարական ստարտափ գաղափարներ ունեցող հայազգի ներկայացուցիչներին հրավիրել Հայաստան՝ վերջիններիս տրամադրելով ֆինանսական և այլ բնույթի աջակցություն Հայաստանում տեխնոլոգիական ընկերություններ հիմնելու և զարգացնելու համար։
Ծրագրի արդյունքում ակնկալվում է շահառուների համար ապահովել ձեռներեցությամբ զբաղվելու բարենպաստ պայմաններ, Հայաստանում զարգացնել տեխնոլոգիական ստարտափների էկոհամակարգը, ինչպես նաև նպաստել մասնագիտական հայրենադարձությանը։
2022 թվականին ծրագիրը կիրականացվի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Իմ քայլը» հիմնադրամի համատեղ ջանքերով:
Ծրագրին կարող են մասնակցել այն սփյուռքահայերը, որոնք ունեն նորարարական և տեխնոլոգիական լուծումներով ստարտափ գաղափարներ, և դրամաշնորհ ստանալու պարագայում պատրաստ են հայրենադարձվել Հայաստան՝ հիմնելու ընկերություն և զբաղվելու տնտեսական գործունեությամբ:
Ծրագրի հայտերն ամփոփելուց հետո կանցկացվի գնահատման փուլ, որը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն Հայաստան՝ հնգօրյա միջոցառումներին և դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար:
Դրամաշնորհային մրցույթին մասնակիցներն իրենց բիզնես գաղափարները կներկայացնեն մրցույթային մասնագիտական հանձնաժողովին: Հանձնաժողովի գնահատման արդյունքներով կընտրվեն հաղթող թիմերը, որոնց կտրամադրվեն դրամաշնորհներ Հայաստանում ընկերության գրանցման և գաղափարի իրագործման նպատակով։
Միջոցառման ավարտից հետո մի քանի ամսվա ընթացքում հաղթողների համար կկազմակերպվեն բիզնես ակսելերացիոն ծրագրեր և կտրամադրվեն մասնագիտական տարատեսակ խորհրդատվություններ: