
08.05.202308.05.2023
Քառասունչորսօրյա պատերազմի ամենածանր հետևանքներից մեկը պատերազմի մասնակիցների վերաինտեգրման խնդիրն է հասարակության մեջ։ Այս խնդիրը անտեսելը կարող է խորը և անդառնալի հետևանքներ թողնել ինչպես անհատների հետագա կյանքի որակի, առողջական վիճակի և աշխատունակության, այնպես էլ՝ ամբողջ հասարակության բարօրության վրա։
Հիմնադրամը քաջ գիտակցում է, որ իր ներդրումը պետք է ունենա մեր հայրենիքի պաշտպանների կյանքի որակի բարելավման գործում: Ուստի, պիլոտային այս ծրագրի նպատակն է նպաստել պատերազմի ընթացքում վիրավորում ստացած, ՀՀ մարզերում բնակվող զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանը՝ աշխատանքի և աշխատելու մոտիվացիան խթանելու միջոցով: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ տնտեսական ինտեգրումը ամենաարդյունավետ ճանապարհն է ապահովելու անհատի ներգրավումը հասարակության մեջ, քանի որ այն նպաստում է վերջինիս ֆինանսական կայունությանը, ինքնաբավությանը և սոցիալական բարօրությանը:
Պիլոտային ծրագրի մեկնարկի համար որպես թիրախ ընտրվել են 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորները, քանի որ նրանց խոցելիությունն ավելի բարձր է գնահատվում:
Ծրագիրն իրականացվում է Շիրակի մարզում՝ պայմանավորված վիրավոր զինվորների մեծ թվով և ՀՀ-ում գործազրկության ամենաբարձր մակարդակով: Պիլոտային ծրագրի հաջողության դեպքում այն կմեկնարկի նաև ՀՀ այլ մարզերում:
Այս նախաձեռնության հիմքում ընկած է հաշմանդամություն ձեռք բերած զինվորների կարողությունների և հմտությունների բացահայտումն ու դրա հիման վրա հնարավորությունների ստեղծումը իրենց ամբողջ ներուժը կենսագործելու համար:
Ծրագրի ավարտին ակնկալվում է, որ հաշմանդամություն ձեռք բերած զինվորները կկարողանան վերաինտեգրվել հասարակության մեջ՝ որպես լիարժեք անդամներ՝ առողջ հոգեկան ներաշխարհով և սոցիալական կապերով։ Վերականգնողական շրջանից հետո նրանք կկարողանան վերադառնալ աշխատաշուկա, ինչը հնարավորություն կտա ինքնուրույն հոգալ իրենց ընտանիքի կարիքները։