20.06.202420.06.2024
«Quanta» Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Այսօր մենք թևակոխել ենք քվանտային տեխնոլոգիաների դար, երբ քվանտային մեխանիկան որպես գիտություն ձեռք է բերել շատ կարևոր կիրառական նշանակություն, ինչը մի քանի տասնամյակ առաջ նույնիսկ դժվար էր պատկերացնել։
Քվանտային ֆիզիկան հանդիսանում է ժամանակակից նանոէլեկտրոնիկայի, օպտոէլեկտրոնիկայի և համակարգչային տեխնիկայի ֆիզիկական հենքը: Նոր սերնդի սարքավորումներն աշխատում են քվանտային աշխարհի օրինաչափությունների հիման վրա և կան լուրջ սպասելիքներ, որ այս ամենը կբերի որակական թռիչքի էլեկտրոնային սարքաշինության մեջ: Քվանտային տեխնոլոգիաներն ակտիվորեն կարող են կիրառվել ռազմաարդյունաբերությունում, քվանտային համակարգիչներ պատրաստելիս, կիբեռ անվտանգությունում՝ բանկային հաշիվներ կոդավորելիս:
Հաշվի առնելով արդի միջազգային գիտակրթական զարգացումները՝ հիմնադրամը կիրականացնի «Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի» մեկուկեսամյա մագիստրոսական կրթական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրվող մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման կարգի հիման վրա:
Ծրագրի շրջանակներում մեծամասամբ կդասավանդեն արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ հայազգի դասախոսներ: Մեկուկեսամյա մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակներում կարող են ուսումնառել ընդամենը 𝟭𝟱 ուսանող, որոնց ուսման ամբողջ վարձավճարը փոխհատուցվելու է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից՝ կրթաթոշակի տեսքով։
Կրթությունը նախատեսվում է կազմակերպել դասախոսությունների, գործնական աշխատանքների, սեմինարների և լաբորատոր պարապմունքների միջոցով: Յուրաքանչյուր մագիստրոս ուսման ընթացքում կունենա իր գիտական ղեկավարը, որի հետ կիրականացնի գիտահետազոտական աշխատանք՝ նախապատրաստելով մագիստրոսական ատենախոսությունը, որը հետագայում կտպագրվի գիտական հոդվածի տեսքով:
Ծրագրի նպատակն է պատրաստել բարձրորակ մասնագետներ, որոնք կարող են զբաղվել ռազմաարդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներով՝ ապահովելով պետության անվտանգությունը, ինչպես նաև իրենց գիտելիքները ներդնել մասնավոր ընկերություններում, իրականացնել գիտահետազոտական աշխատանք, հիմնել ստարտափներ, որոնք հետագայում հնարավոր կլինի վերածել հայրենական տեխնոլոգիական ընկերությունների:
Հաշվի առնելով, որ ուսումնական գործընթացում ակտիվորեն կմասնակցեն աշխարհի առաջատար գիտական կենտրոնների հայազգի գիտնականները՝ մագիստրոսները կներգրավվեն նաև համապատասխան կենտրոնների գիտական խմբերի աշխատանքներում:
Ծրագրի ավարտին ակնկալվում է քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի բնագավառում առաջատար գիտելիքներով օժտված մասնագետների առկայություն, որոնք կինտեգրվեն միջազգային գիտական համայնքում և գիտական խմբերում, պետության անվտանգային համակարգի համար կդառնան բարձրորակ մասնագետներ, ստարտափ ընկերությունների միջոցով կձևավորեն գիտատեխնոլոգիական էկոհամակարգ, դրանով իսկ Հայաստանը վերածելով տարածաշրջանային գիտակրթական կենտրոնի: