
28.03.202328.03.2023
Մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրով նախատեսվում է մշակել ու հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնել կրթական նոր մոդել, որը հիմնված կլինի յուրաքանչյուր աշակերտի անհատական կարողությունների և համայնքային առանձնահատկությունների ու հնարավորությունների վրա: Հայաստանի մարզային բնակավայրերում դուալ կրթության այս մոդելի ներդրումը և կիրառումն աշակերտներին հնարավորություն կտա ձեռք բերել հմտություններ և ամրապնդել մասնագիտական կարողությունները` հանրակրթական ուսումնական հաստատություններում ստացած տեսական գիտելիքները տեղական ընկերություններում գործնական աշխատանքների հետ համատեղելու միջոցով։
Հաշվի առնելով յուրաքանչյուր համայնքի ինքնատիպ պատմությունը, զբաղմունքները, կենցաղը, համայնքային առանձնահատկություններն ու այդ ամենից բխող տեղային հնարավորությունները՝ մենք հավատացած ենք, որ այսօրինակ կրթական ծրագրերի հետևողական իրականացումը մարզերում կնպաստի աշխատաշուկայի զարգացմանը և պահանջարկի բավարարմանը, ինչն էլ, իր հերթին, երիտասարդների կյանքն առավել գրավիչ կդարձնի։
«Հորիզոններ» կրթական ծրագիրը 2022թ․ փորձարարական տարբերակով կիրականացվի գինեգործության և խաղողագործության ոլորտում՝ Արմավիրի և Արագածոտնի մարզերի 11 բնակավայրերում 9-12-րդ դասարանի աշակերտների համար:
Ծրագրի շահառուները հնարավորություն կստանան տեղում ծանոթանալ գինեգործության և խաղողագործության մշակույթին՝ միաձուլելով տեսական և գործնական գիտելիքները, դրանք ներառել իրենց հանրակրթական զբաղվածության մեջ, ուսումը դարձնել հետաքրքիր և բովանդակային, նպաստել մասնագիտական կարողությունների զարգացմանը: