«Հաջողակից՝ սկսնակին»․ փոքր բիզնեսի աջակցման ծրագիր
Ծրագրի մասին
«Հաջողակից՝ սկսնակին» փոքր բիզնեսի աջակցման ծրագրով «Իմ Քայլը» հիմնադրամը նպատակ ունի ոչ միայն խթանել Հայաստանում փոքր ձեռնարկատիրության զարգացումը, այլև ձևավորել բարեգործության նոր մշակույթ և այն դարձնել ավանդույթ: Հիմնադրամի պարտքն է աշխատել ոչ միայն բարեգործություն ստացողների, այլև՝ նվիրաբերողների համար: Այսօրվա կյանքի արագությունների պարագայում շատ հաճախ մարդիկ պարզապես ժամանակ չեն գտնում հանդես գալ բարեգործական նախաձեռնություններով և հետևողական լինել դրանց կատարմանը: «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրով Հիմնադրամը կամուրջ է հանդիսանում տարբեր բնագավառներում հաջողության հասած և առաջին քայլերը կատարողների միջև, աջակցում և հետևում է, որպեսզի բարեգործությունը լինի թիրախային և նպատակային, բարեգործության արդյունքում ստեղծվի հանրային բարիք:
Փոքր բիզնեսն, իր հերթին, առաջատար դեր է խաղում երկրում ներառական տնտեսության զարգացման, կայուն զբաղվածության ապահովման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրում սոցիալ֊տնտեսական կայունության և նոր աշխատատեղերի ստեղծման գործում: Փոքր բիզնեսի սուբյեկտները զարգացման ճանապարհին հաճախ բախվում են այնպիսի խնդիրների, ինչպիսիք եք ֆինանսական միջոցների դժվարամատչելիությունը, գործարար հմտությունների պակասը (մենեջմենթ, կազմակերպաիրավական պլանավորում, հարկային օրենսգրքի իմացություն), շուկա մուտք գործելու և շուկայում դիրքավորվելու դժվարությունները և այլն: Ծրագրի շնորհիվ փոքր բիզնեսի սուբյեկտները կստանան ֆինանսական աջակցություն, ռեսուրսներ և մասնագիտական վերապատրաստում իրենց բիզնես գաղափարը կյանքի կոչելու կամ գործող փոքր բիզնեսներն ընդլայնելու նպատակով:
Ծրագիրը կիրականացվի տարեկան 2 անգամ՝ գարնանը և աշնանը․ ծրագրի յուրաքանչյուր փուլի մեկնարկից առաջ կկազմակերպվի բարեգործական միջոցառում, որից ստացված ողջ հասույթը կտրամադրվի ծրագրի շահառուներին: Ծրագրի շրջանակում շահառուները կմասնակցեն բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացի (կողմնորոշման դասընթաց, մարքեթինգ, կառավարում, արտադրական պլանավորում, ֆինանսներ), որի արդյունքում կկազմեն բիզնես պլաններ, որոնցից լավագույնները կարժանանան դրամաշնորհի: Ծրագրին կարող են դիմել և՜ գործող փոքր բիզնեսները, և՜ բիզնես գաղափար ունեցող ֆիզիկական անձինք:
Ծրագիրը նախատեսված է արտադրական և սպասարկման, այդ թվում՝ կրթական և մշակութային, ոլորտներում գործունեություն ծավալող կամ տվյալ ոլորտներում բիզնես գաղափար ունեցողների համար: Ծրագրի շրջանակում աջակցություն ստանալու առաջնային թիրախային խումբն է պատերազմի մասնակիցները և նրանց ընտանիքի անդամները, Արցախից բռնի տեղահանվածները, ընտանեկան բռնության զոհ դարձածները և այլն:
Ծրագրի յուրաքանչյուր փուլի մեկնարկի, տվյալ փուլի բարեգործական միջոցառման մասնակիցների և ծրագրի շահառուների թիրախային խմբի, դրամաշնորհային հայտերի ընդունման, ծրագրի անցկացման ու հաղթողների ընտրության կարգի վերաբերյալ Հիմնադրամը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ: