Մշակութային ծրագրեր և նախաձեռնություններ
Ծրագրի մասին
Մշակույթը ժողովրդի ինքնության պահպանման և արժեհամակարգի ձևավորման կարևորագույն հիմնասյուներից է, ուստի նրա զարգացումն ու պահպանումն առաջնային նշանակություն ունի որակյալ հասարակություն ձևավորելու համար: Մշակութային ծրագրերը հնարավորություն են տալիս պահպանել և սերնդեսերունդ փոխանցել ազգային ինքնությունը: Նման ծրագրերը կարևոր դեր են խաղում նաև երիտասարդության դաստիարակության և կրթության հարցում՝ նպաստելով երիտասարդների շրջանում ստեղծագործական և քննադատական մտածողության զարգացմանը և նրանց մոտեցնում են արվեստին, գրականությանը, երաժշտությանը և, ընդհանրապես, մշակութային արժեքներին, իսկ հասարակության մեջ ձևավորվում են հանդուրժողականություն և համերաշխություն: Մշակութային ոլորտն իր ուրույն տեղն ունի նաև երկրի տնտեսական զարգացման համատեքստում, քանի որ մշակութային միջոցառումները, փառատոնները և ցուցահանդեսները գրավում են մեծ թվով զբոսաշրջիկների ուշադրությունը:
«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը հիմնադրման առաջին իսկ օրվանից մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել մշակութայինհիմնախնդիրները՝ նախաձեռնելով մշակույթի տարբեր ոլորտներին առնչվող ծրագրեր: Հիմնադրամը, հավատարիմ մնալով իր առաքելությանը և նպատակներին, կշարունակի սատար կանգնել մշակութային տարբեր նախաձեռնություններին և օգնել պահպանելու այն արժեքները, որոնք փոխանցվել են մեզ դարերի ընթացքում: Սատարելով մշակույթի զարգացմանը, կաջակցենք մեր երկրին աշխարհին ներկայացնելու մեր հարուստ մշակութային ժառանգությունը և արժեքային համակարգը: Հիմնադրամի ուղիղ նախաձեռնությամբ կամ աջակցությամբ կկազմակերպվեն ցուցահանդեսներ և երաժշտական փառատոններ, որը թույլ կտա հայ հասարակությանը հաղորդակից լինել ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային արվեստագետների գործերին և կատարումներին:
«Իմ Քայլը» հիմնադրամի մշակութային ծրագրերի շրջանակներում ներկայումս իրականացվում է «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է արվեստի հանդեպ մեծ սեր ունեցող այն երեխաներին, ովքեր ապրում են հեռավոր համայնքներում և հասանելիության բացակայության պատճառով հաճախ զրկված են լինում օպերա, բալետ, թատրոն և այլ մշակութային միջոցառումներ այցելելու հնարավորությունից, ծանոթացնել Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը: Ծրագիրն ունի կրթական նպատակ և ներառում է ուսուցողական և զվարճալի այցեր թանգարաններ, թատրոն, օպերա, բալետ՝ նպաստելով նրանց մշակութային դաստիարակությանը և ոգեշնչելով հետագա կրթության և ինքնազարգացման ուղիներում։ Հավելենք, որ ծրագրի ավարտին երեխաները լրացնելու են փոքրիկ հարցաթերթիկ, որի միջոցով կգնահատվի ծրագրի արդյունավետությունը և նրանց ստացած գիտելիքները մշակութային փորձառությունից։