Ծրագրի մասին
2019-2021
Մշակութային
23 007 800 ՀՀ դրամ
Տրամադրված գումար
«ԻՄ ՔԱՅԼԸ» հիմնադրամը, կարևորելով Հայաստանում արվեստի և մշակութային կյանքի զարգացումը, ինչպես նաև հաշվի առնելով մշակույթի դրական ազդեցությունը որակյալ հասարակության ձևավորման վրա, աջակցությունն է ցուցաբերել մի շարք մշակութային նախաձեռնությունների․
«Ալտերացիա» – «Իմ ՔԱՅԼԸ» հիմնադրամի համաֆինանսավորմամբ «Արմատ Քոմմյունիթի ժամանակակից արվեստ» ՀԿ-ի կողմից կազմակերպվել է «Ալտերացիա» արվեստի և երաժշտության փառատոնը՝ միավորելով շուրջ 116 տեղաբնակ և օտարերկրացի, այդ թվում համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետների, որոնց թվում են եղել էլեկտրոնային երաժշտության ամենավառ ներկայացուցիչները` տեխնո թագուհի Նինա Կռավիցը և կենդանի լեգենդ Ռիկարդո Վիլալոբոսը։ Փառատոնի շրջանակում կազմակերպվել է ժամանակակից արվեստի ցուցահանդես, որտեղ ներկայացված են եղել 3 սերնդի մոտ 30 նկարիչների աշխատանքներ: Փառատոնին մասնակցել է շուրջ 3000 այցելու, այդ թվում 2000 զբոսաշրջիկ։ Փառատոնի նպատակն է եղել բարձրացնել Հայաստանի վարկանիշը և ստեղծել հարթակ՝ հնարավորություն տալով մի տանիքի տակ ներկայանալ ժամանակակից արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների։
«Մշակույթի և զբոսաշրջության կայուն զարգացում» – «ԻՄ ՔԱՅԼԸ» հիմնադրամի աջակցությամբ և ֆինանսավորմամբ իրականացվել է «Մշակույթի և զբոսաշրջության կայուն զարգացում» ՀԿ-ի կողմից իրականացվող՝ մշակութային գործունեություն ծավալող 31 ՊՈԱԿ-ների կարողությունների զարգացում ծրագիրը, որի նպատակն է եղել մշակույթի ոլորտի ՊՈԱԿ-ների ներկայացուցիչներին փոխանցել ֆոնդհայթայթման կարողություններ և մշակութային նորարարական պրոդուկտներ ստեղծելու ու հանրության շրջանում դրա ճանաչելիությունը բարձրացնելու հմտություններ: Ծրագիրը բաղկացած է եղել 3 փուլից, և դրա շրջանակում իրականացվել է կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացների շարք: Ծրագրի 2-րդ փուլը ներառել է ՊՈԱԿ-ների հետ անհատական աշխատանք՝ յուրաքանչյուրի զարգացման ռազմավարության մշակման ուղղությամբ, իսկ վերջին փուլը՝ աշխատանքի գնահատման որակական և քանակական ցուցանիշների մշակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ։
«Ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամների միություն» ՀԿ-ի համար կոնտրաֆագոտի ձեռքբերում – Պրոպագանդելով դասական երաժշտությունը՝ «ԻՄ ՔԱՅԼԸ» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամների միություն» ՀԿ-ի համար ձեռք է բերվել կոնտրաֆագոտ երաժշտական գործիք: Գործիքը սիմֆոնիկ երգացանկի անբաժան մասն է կազմում, և նվագախումբը հայ կատարողական արվեստի բարձր արժեքները կարող է լավագույնս ներկայացնել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
«Լույսի մոլորակ» մոր և մանկան փառատոն – «ԻՄ ՔԱՅԼԸ» հիմնադրամի հովանու ներքո 2019թ․-ին Հայաստանում և Արցախում տեղի է ունեցել «Ավելի լավ կրթություն և առողջ ապագա» կարգախոսով «Լույսի մոլորակ» մոր և մանկան փառատոն՝ նպատակ ունենալով խթանել դրական ծնողավարությունը և ընտանեկան առողջությունը:
«Լույսի մոլորակ»-ը ուղղված էր ծնողներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրմանը, ֆիզիկապես և հոգեպես առողջ երեխայի դաստիարակությանն ու զարգացմանը։ Միջոցառման ընթացքում ծնողների համար կազմակերպվել են բաց անվճար դասախոսություններ, ինտերակտիվ հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են դրական ծնողավարության, երեխաների նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնության ու հետևանքների, կրծքով կերակրման անհրաժեշտության ու հաճելի կողմերի, հայրիկների ներգրավվածության, առողջ հղիության բաղադրիչների, նեոնատալ խնամքի և շատ այլ հարցեր։ Ուշադրության կիզակետում են եղել հաշմանդամություն ունեցող երեխաների ներառման խնդիրների բարձրաձայնումը, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության թեմաները: Հյուրերը մասնակցել են նաև նկարչության, խեցեգործության, պարի, ձեռագործության, տիկնիկագործության և այլ դասընթացների: Հայտնի և սիրված հանրային գործիչները հեքիաթներ են կարդացել երեխաների համար յուրահատուկ գրադարանային միջավայրում, ինչպես նաև տեղի են ունեցել հայկական մուլտֆիլմերի ցուցադրություն և տիկնիկային ներկայացումներ: