Ծրագրի մասին
2018-2020
Գիտակրթական
690 611 800 ՀՀ դրամ
Տրամադրված գումար
Գիտակցելով որակյալ կրթության նշանակությունը հայ հասարակության ներուժի և մարդկային կապիտալի զարգացման, Հայաստանում կայուն մասնագիտական աճի գործում՝ «Իմ Քայլը» հիմնադրամը 2018-2020թթ․ իրականացրել է կրթաթոշակային ծրագիր, որի շրջանակում կրթաթոշակ է շնորհվել աշխարհի առաջատար ուսումնական հաստատություններ ընդունված այն երիտասարդներին, որոնք ցանկանում էին ձեռք բերել Հայաստանի կայուն զարգացման առաջնահերթություններից բխող մասնագիտություններ և պատրաստ էին ուսման ավարտից հետո վերադառնալ հայրենիք և իրենց գիտելիքն ու հմտությունները ծառայեցնել երկրի առաջընթացին:
Ծրագիրը գործել է պարզ ու թափանցիկ, կրթաթոշակները տրամադրվել են դիմորդների հայտադիմումի և ընտրական հանձնաժողովի և հարցազրույցի արդյունքների ամփոփումից հետո: Հիմնադրամը ֆինանսավորել է Հայաստանի զարգացման առաջնահերթություններից բխող մասնագիտությունների ուսուցումը հետևյալ ոլորտներում՝ գյուղատնտեսություն, անասնաբուժություն, առողջապահություն, բժշկություն, տվյալագիտություն, քաղաքաշինություն, կենսաբանություն, կենսաքիմիա, ուրբանիստիկա և այլն: Հիմնադրամն ունեցել է 82 կրթաթոշակառու, որոնք սովորել են աշխարհի լավագույն համալսարաններում՝ Հարվարդի համալսարան, Օքսֆորդի համալսարան, Լոնդոնի համալսարանական քոլեջ, Քեմբրիջի համալսարան, Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Միլանի պոլիտեխնիկական համալսարան և այլն: Եվս 4 ուսանողի տրամադրվել է կրթաթոշակ հետբուհական հաստատություններում քաղցկեղի բուժման ուսումնասիրությամբ զբավելու նպատակով:
44-օրյա պատերազմից հետո Հիմնադրամը զարգացման ծրագրերից անցում է կատարել մարդասիրական ծրագրերի իրականացման: 2021-2022 ուստարվա համար կրթաթոշակային ծրագիրը շարունակվել է միայն Հիմնադրամի ծրագրով ուսումնառության մեջ գտնվող ուսանողների համար, իսկ 2022թ․ Հիմնադրամը որոշել է առկա ռեսուրսներն ուղղել Հայաստանում կրթական ծրագրերի իրականացմանը: