Ծրագրի մասին
2022-2023
Ներուժ
45 000 000 ՀՀ դրամ
Տրամադրված գումար
Գիտակցելով Հայաստանում հայկական սփյուռքի մտավոր և տնտեսական ներուժի ներգրավման անհրաժեշտությունը և մասնագիտական հայրենադարձության խթանման կարևորությունը՝ «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը և Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2022թ․-ին համատեղ ջանքերով իրականացրեցին «Ներուժ 3․0» Սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը: «Ներուժ» ծրագրին կարող էին դիմել տեխնոլոգիական այն ստարտափները, որոնց հիմնադիրների առնվազն կեսը սփյուռքահայեր են և պատրաստ են դրամաշնորհի արժանանալու պարագայում վերադառնալ Հայաստան և առնվազն 1 տարի գործունեություն ծավալել հայրենիքում:
Ծրագրի հայաստանյան ամփոփիչ փուլը տեղի ունեցավ 2022թ․ հոկտեմբերի 21-25-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնական կենտրոնում, որին մասնակցեցին 22 ստարտափներ Կանադայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ավստրալիայից, ԱՄՆ֊ից, Տոգոյից, Կիպրոսից, Գերմանիայից և Ավստրիայից: Մասնագիտական ժյուրիի գնահատման արդյունքներով 1-ին տեղը զբաղեցրեց “Biocentric” ստարտափը (20 մլն․ ՀՀ դրամ), որը դեղագործական և կենսատեխնոլոգիական ընկերությունների համար ստեղծում է հնարավորություններ արագացնելու նոր դեղամիջոցների ստացման գործընթացը՝ օգտագործելով արհեստական բանականության նորարարկան մոտեցումները, 2-րդ տեղը զբաղեցրել է “Reactive Science” ստարտափը (15 մլն ՀՀ դրամ), որն առաջարկում էր մոլեկուլային կենսաբանության, կենսաքիմիայի և իմունային ախտորոշման հետազոտություններում օգտագործվող աշխտորոշիչ լաբորատոր ռեակտիվների արտադրություն, իսկ 3-րդ տեղը զբաղեցրեց “ATMT” ստարտափը, որն առաջարկում էր թվայնացված բժշկական ոլորտում ինքախտորոշման սարքի ստեղծում և ծրագրային ապահովում:
Հաղթող 3 ստարտափները Հայաստանում հիմնել են ընկերություններ, որոնց հետ կնքվել են դրամաշնորհային պայմանագրեր: «Իմ քայլը» հիմնադրամը և ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը 1 տարի շարունակ մշտադիտարկել են ընկերությունների գործունեությունը և արձանագրել, որ ստարտափները հաջողությամբ կյանքի են կոչել դրամաշնորհային պայմանագրով նախատեսված բոլոր միջոցառումները և զգալի առաջընթաց են գրանցել 1 տարվա ընթացքում:
«Ներուժ 3․0» Սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի կազմակերպչական ծախսերը հոգացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, իսկ հաղթողներին դրամաշնորհը տրամադրել է «Իմ քայլը» հիմնադրամը: