Ծրագրի մասին
2018-2020
Մշակութային
774 848 577 ՀՀ դրամ
Տրամադրված գումար
Դասական երաժշտությունն ավանդաբար Հայաստանի մշակույթի կարևորագույն ուղղություններից է եղել: 2018 թվականին պետական ֆինանսավորմամբ գործող Հայաստանի դասական երաժշտության կոլեկտիվները հայտնվել էին ծանր իրավիճակում, քանի որ զրկվել էին հավելյալ ֆինանսավորման աղբյուրներից և կիսով չափ կրճատվել էր նրանց եկամուտները: Այդ կոլեկտիվները դիմել էին նոր ձևավորված «Իմ քայլը» հիմնադրամին աջակցելու և առաջացած ֆինանսական բացը լրացնելու որպես ժամանակավոր լուծում:
Դասական երաժշտական խմբերի կայուն գործունեության և նրանց հետագա զարգացման նպատակով «Իմ Քայլը» հիմնադրամը 2018 թվականին հանդես եկավ «Հայաստանի դասական երաժշտության բարեկամներ» նախաձեռնությամբ՝ հարթակ, որի միջոցով հնարավոր կլիներ հովանավորել Հայաստանում դասական երաժշտությունը և դրա հետագա զարգացումը: «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի (գլխավոր հովանավոր) և մասնավոր 7 կազմակերպությունների («Հայաստանի էլեկտրական ցանցեր», «ՀայԲիզնեսԲանկ» ՓԲԸ, «Ամերիաբանկ» ՓԲԸ, «Ինեկոբանկ» ՓԲԸ, «Ադամիում» ՍՊԸ, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանց և «Յուքոմ» ՓԲԸ) աջակցությամբ շնորհիվ հնարավոր եղավ ապահովել դասական երաժշտախմբերի գործունեությունն՝ առանց անձնակազմի կամ ծրագրերի կրճատման:
Ծրագրի շահառուներն են եղել՝
- Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը
- Հայաստանի պետական կամերային երգչախումբը
- Հայաստանի պետական կամերային նվագախումբը
- Կոմիտասի անվան ազգային քառյակը
- «Հովեր» պետական կամերային երգչախումբը
- Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը
- Հայաստանի պետական ջազ նվագախումբը
Հայաստանում դասական երաժշտության կայուն զարգացման նպատակով «Իմ Քայլը» հիմնադրամը 2018 թվականին մեկնարկեց «Հայաստանի դասական երաժշտության բարեկամներ» ծրագիրը: Ծրագրի նպատակն էր ապահովել դասական երաժշտության կայուն զարգացումը՝ կոլեկտիվների կարողություններ հզորացման և զարգացման, դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրության, երաժշտական զբոսաշրջության խթանման, միջոցառումների մասին տեղեկատվության հասանելիության մեծացման, ֆինանսական հոսքերի ավելացման, ինչպես նաև նորարարական լուծումների ներդրման միջոցով: