Ծրագրի մասին
2019-2020
Բնապահպանական
65 706 772 ՀՀ դրամ
Տրամադրված գումար
Մարդու գործունեությունը տարբեր եղանակներով զգալիորեն վնասում է բնությանը: Այս համատեքստում ամենամտահոգիչ խնդիրներից է շրջակա միջավայրի` պլաստիկ թափոններով աղտոտվածությունը:
Պլաստիկ աղտոտվածությանը զգալիորեն նպաստում են պոլիէթիլենային տոպրակները: Համաձայն ՄԱԿ-ի՝ վերջին 20 տարիներին Հայաստանում գոյացել է ավելի քան 100 000 տոննա պլաստիկ աղբ:
2019թ․-ի ապրիլին «ԻՄ ՔԱՅԼԸ» հիմնադրամը սկսել է «Հայաստանն առանց պլաստիկի» ծրագիրը՝ նպատակ ունենալով կրճատել պլաստիկ տոպրակների օգտագործումը՝ դրանք փոխարինելով բազմակի օգտագործման տոպրակներով:
«Հայաստանն առանց պլաստիկի» ծրագրի նպատակն է եղել մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակները փոխարինել բազմակի օգտագործման տոպրակներով՝ հասարակության շրջանում վարքագծային փոփոխություններ իրականացնելով, որը կհանգեցնի պլաստիկի սպառման մշակույթի փոփոխության:
Ծրագրի շրջանակում իրականացվել են սեմինարներ․ մասնակիցներին տեղեկատվություն է տրամադրվել թափոնների տեսակավորման անհրաժեշտության, վերամշակվող և մշակման չենթարկվող պլաստիկի տեսակների վերաբերյալ:
6-ամսյա գիտափորձի արդյունքում Երևանի «Ծիրան» սուպերմարկետի 9 մասնաճյուղերում վերլուծվել է 5809 հաճախորդի՝ պոլիէթիլենային տոպրակի օգտագործման վարքագիծ և մշակվել են քաղաքականության առաջարկներ, նկարահանվել է տեղեկատվական և անիմացիոն 4 հոլովակ, անցկացվել է թափոնների կառավարման սեմինար Լճաշենում, իրականացվել է Վանաձոր գետի և Սևանա լճի առափնյա 4 հատվածի մաքրում, տրամադրվել է բազմակի օգտագործման 26400 տոպրակ:
«ԻՄ ՔԱՅԼԸ» հիմնադրամը, Վանաձոր համայնքում` Վանաձոր գետի ափամերձ հանգստյան գոտում, «Հայաստանն առանց պլաստիկի» ծրագրի շրջանակներում նաև իրականացրել է մաքրապատման միջոցառում, որին ներկա են եղել և իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել մաքրման աշխատանքներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը: