Այսօր Մատենադարանում կայացավ «Կրթվելը Նորաձև Է» շարժման հերթական հանդիպումը, որը վերածվեց խորքային մտքերի բարձրաձայնման, փոխադարձ անկեղծ զրույցի և լուսավոր մարդկանցով լի միջոցառման։ Երեք բանախոսները՝ ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, գործարար Բակուր Մելքոնյանը և ՀՀ վարչապետի տիկին, շարժման ղեկավար Աննա Հակոբյանը ներկայացրին իրենց բանախոսությունները, որոնց բոլորին միավորում էր մեկ գաղափար` կրթության դերը՝ որպեսանհատի ձևավորող ուժ և հասարակության զարգացման շարժիչ։
Տիկին Աննա Հակոբյանը հանդիպման մեկնարկին ներկայացրեց շարժման ռազմավարական հիմքը՝ հիշեցնելով, որ Շարժումը Հայաստանի Հանրապետությունում բոլոր քաղաքացիների շրջանում կրթվելու մոտիվացվածության բարձրացման անհրաժեշտության գաղափարի և ռազմավարության սկզբունքների շուրջ համախոհության հիման վրա միավորված անձանց խումբն է: Շարժման նպատակը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն կրթվելու և նորովի մտածելու մոտիվացիա հաղորդելն է։ Այն չի ձևավորում պետական գրանցման ենթակա կազմակերպություն։ Նրա հիմնական բանախոսությունը կրում էր «Մնացել ենք 5-րդ դարում» խորագիրը, և անդրադառնալով մեր մեծերին` փաստում, որ եթե 16 դար շարունակ մեր մոտեցումներն ու կենսակերպը չեն փոխվում, ուրեմն մենք շատ լուրջ մտածելու տեղ ունենք:
Հանդիպման ընթացքում բանախոսները միմյանցից տարբեր, սակայն գաղափարապես լրացնող ելույթներով ձևավորեցին այն հիմնական ուղերձը, թե կրթությունը ոչ միայն կրթական համակարգի խնդիր է, այլև արժեհամակարգի, ինքնաճանաչման, ընտրության և կամքի հարց։ Բակուր Մելքոնյանն իր «Ոչ թե բախտ, այլ կամք» բանախոսությունում պատմեց իր անձնական օրինակով, թե ինչպես է շարունակաբար կրթվում՝ նույնիսկ գործուղումների ժամանակ հասցնելով մասնակցել սեմինարների ու դասընթացների։ Նա շեշտեց, որ բիզնես սկսելը միայն երազանք չէ, այլ գիտակցված ընտրություն, որը պահանջում է ամենօրյա քրտնաջան աշխատանք և հստակ գործողությունների պլան։ Նրա խոսքով՝ մարդու վարքագիծը շատ է փոխվում, երբ նա հստակ պատկերացնում է իր նպատակն ու վերջնակետը։
Ռուբեն Բաբայանն իր «Կենտրոնում մարդն է » բանախոսության ընթացքում անդրադարձավ անհատի կենտրոնական դերին՝ ընդգծելով, որ երբ մշտապես խոսում ենք աբստրակտ հասկացություններով՝ ժողովուրդ, հասարակություն, մոռանում ենք, որ դրանց հիմքում կանգնած է մարդը՝ իր սկզբունքներով, կարծիքներով և որոշումներով։ Նա ասաց, որ սկզբունքները նման են ծառի արմատներին՝ դրանք պետք է կայուն լինեն, մինչդեռ կարծիքները պետք է թարմացվեն, զարգանան և վերանայվեն՝ ինչպես տերևները։
Միջոցառման մշակութային հատվածում ելույթ ունեցավ «Երևանի ձայներ» կանանց կամերային երգչախումբը՝ Հասմիկ Վարդանյանի ղեկավարությամբ: Իսկ դրան հաջորդող ընդմիջման ժամանակ մասնակիցներն արդեն հնարավորություն ունեցան անմիջական հաղորդակցվել, լուսանկարվել և շփվել բանախոսների հետ:
Օրը ամփոփվեց մասնակիցների կողմից շատ սիրելի հարցուպատասխանի հատվածով, որի ընթացքում երիտասարդները շտապեցին հղել իրենց հետաքրքիր հարցերը: Դրանք վերաբերում էին թե՛ դպրոցներում սովորելու մոտիվացիայի պակասին, թե՛ կրթական համակարգի կողմից տրամադրվող արժեքներին, թե՛ սեռային կարծրատիպերի հաղթահարմանը։ Քննարկվեց նաև այն փաստը, որ սովորող աշակերտների մեծ մասը հետագայում լքում է Հայաստանը, ինչը հնչեց որպես կրթական միջավայրի վերաիմաստավորման հրատապության ազդակ։
«Կրթվելը նորաձև է» շարժման յուրաքանչյուր հանդիպում դառնում է սերնդափոխության, արժեհամակարգի վերագնահատման, իմացածը վերանայելու, ինքնակրթվելու և նոր ժամանակակից մշակույթների ձևավորման հարթակ։ Այսօրվա հանդիպումն էլ բացառություն չէր։
Եթե դուք ևս ցանկանում եք միանալ այս շարժմանը և մասնակցել հաջորդ բանախոսություններին, գրանցվեք հետևյալ հղումով՝ https://forms.gle/JFXga4bc21YDPNiw8
Առաջիկա հանդիպումները կկայանան Կապանում, Քաջարանում, Տաթևում, Վանաձորում, Սիսիանում, Գորիսում, Արտաշատում, Մարալիկում և Երևանում։