ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ

«Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» վարքային փոփոխության և իրազեկվածության բարձրացման արշավ

back line
Ընթացիկ
ԾՐԱԳՐԻ ՍԿԻԶԲ՝
date piker 11 Դեկտեմբերի, 2018
ԾՐԱԳՐԻ ԱՎԱՐՏ՝
date piker 31 Մարտի, 2020
«Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագրի նպատակն է մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակները փոխարինել բազմակի օգտագործման տոպրակներով՝ իրազեկության բարձրացման քարոզարշավի, վարքային գիտափորձի և պարգևատրման մեխանիզմների միջոցով խթանելով սպառողների վարքային փոփոխությունը:

Իրավիճակը

Մարդկային գործունեությունը տարբեր եղանակներով զգալիորեն վնասում է բնությանը և շրջակա միջավայրին: Այս համատեքստում ամենամտահոգիչ խնդիրներից է շրջակա միջավայրի աղտոտվածությունը պլաստիկ թափոնով: Չնայած դրա նվազեցմանն ուղղված բազմաթիվ ծրագրերին, ռազմավարություններին, օրենսդրական կարգավորումներին՝ խնդիրն ահագնանում է, իսկ դրա բացասական ազդեցությունը՝ դառնում ավելի տեսանելի:
Պլաստիկ աղտոտվածությանը զգալիորեն նպաստում են պոլիէթիլենային տոպրակները:
Այս ոլորտը Հայաստանում ևս մտահոգիչ է. վերջին 20 տարիներին Հայաստանում գոյացել է ավելի քան 100 հազար տոննա պլաստիկ աղբ:
Պլաստիկ աղտոտվածությունը նվազեցնելու Կառավարության քաղաքականությունը կարող է արդյունավետ լինել, եթե ուղեկցվի սպառողի վարքագծի փոփոխությամբ: Հետևաբար, պլաստիկ աղտոտվածության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն ու վարքային փոփոխության խթանումը մեկանգամյա օգտագործման պլաստիկից հրաժարվելու կարևորագույն գործոններից են:


Նպատակը
Ծրագրի նպատակն է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակները փոխարինել բազմակի օգտագործման տոպրակներով՝ իրազեկվածության բարձրացման քարոզարշավի, պարգևատրման մեխանիզմների և վարքային գիտափորձի միջոցով խթանելով սպառողների վարքային փոփոխությունը:

Հիմնական գործողությունները

Ծրագիրը նախատեսում է հետևյալ գործողությունները.

  • Մշակել և իրականացնել վարքային փոփոխության գիտափորձ՝ սպառողների կողմից պոլիէթիլենային տոպրակներ օգտագործելու դրդապատճառները հասկանալու և ծրագրի հետագա գործողություններն առավելագույնս արդյունավետ իրականացնելու նպատակով:

  • Ծրագրի երկարաժամկետ ազդեցության համար մշակել և իրականացնել իրազեկվածության բարձրացման լայնամասշտաբ արշավ Երևանում և մարզերում: Արշավը կմշակվի ոլորտում մասնագիտացած այնպիսի կառույցների մասնակցությամբ, ինչպիսիք են ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և այլն:

  • Հիմնվելով վարքային գիտափորձի արդյունքների և ծրագրի քաղած դասերի վրա՝ մշակել ոլորտը կարգավորող քաղաքականության առաջարկների փաթեթ, որը կներկայացվի ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը՝ վերջինիս օրենսդրական և քաղաքականության փաթեթը լրացնելու համար:


Ակնկալվող արդյունքը/ազդեցությունը

  • Վարքային գիտափորձի 6000 մասնակիցները կօգտագործեն կտորից պայուսակներ (առնվազն 6 ամիս)։
  • Ծրագրի շրջանակներում կբաժանվի ևս 4000 կտորից պայուսակ։
  • Ավելի քան 10000 մարդ կտեղեկանա պլաստիկ աղտոտվածության վնասների մասին։
  • Թեմայի վերաբերյալ կպատրաստվի առնվազն 4 սոցիալական գովազդ։
  • Կստեղծվի վարքագծային գիտափորձի արդյունքներն ամփոփող զեկույց։
  • Կմշակվի քաղաքականության առաջարկների փաթեթ։
  • Տեքստիլ բիզնեսում աշխատող ՓՄՁ-ները կունենան կտորից պայուսակ արտադրելու հավելյալ հնարավորություն։
  • Շրջակա միջավայրում կնվազի պլաստիկ թափոնը։
  • Կնպաստենք բնապահպանական բարձր գիտակցությամբ օժտված սերունդ ունենալուն։

Ծրագիրը ֆինանսավորվում է «Իմ քայլը» հիմնադրամի, ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի և ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի կողմից: