ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Հայաստանում առաջնային անպտղության նվազեցում

back line
Մշակվող
Ելնելով ՀՀ բնակչության աճը խթանելու կարևորությունից՝ «Իմ քայլը» հիմնադրամը նախատեսում է նպաստել Հայաստանում առաջնային անպտղության նվազեցմանը՝ արտամարմնային բեղմնավորումն ավելի հասանելի դարձնելով երեխա չունեցող զույգերի համար։

Իրավիճակը
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում պղտաբերության գործակիցը վերջին տարիներին կայուն ցածր է՝ մոտ 1․6։ 2017 թ. անպտղության ցուցանիշը կազմել է 16.8%, իսկ բնակչության աճի գործակիցը՝ -0.21, ինչը բավարար չէ անգամ բնակչության ներկայիս չափը պահպանելու համար։

Անպտղության խնդրի այլ լուծումների թվում (վերարտադրողական առողջության պահպանման վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացում, անպտղության կանխարգելիչ միջոցառումների որակի և մատչելիության բարելավում, սոցիալական պայմանների բարելավում, շրջակա միջավայրի աղտոտվածության նվազեցում) կարևոր տեղ է զբաղեցնում արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ, IVF)։ 2017 թ․ դրությամբ 25․7% աղքատություն և մեկ շնչի հաշվով ամսական 59․000 դրամ միջին եկամուտ ունեցող երկրում ԱՄԲ-ի նման թանկարժեք միջամտությունը հասու է դրա կարիքն ունեցող ոչ բոլոր ընտանիքներին։

Նպատակը
Ելնելով ՀՀ բնակչության աճը խթանելու կարևորությունից՝ «Իմ քայլը» հիմնադրամը նախատեսում է օժանդակել ՀՀ-ում առաջնային անպտղության նվազեցմանը՝ ԱՄԲ-ն ավելի հասանելի դարձնելով երեխա չունեցող զույգերի համար։


Հիմնական գործողությունները

  • Առաջնային անպտղություն ունեցող զույգերի՝ ծրագրին մասնակցելու դիմումների ու փաստաթղթերի համակարգում։
  • Մասնագիտական հանձնաժողովի կողմից դիմումների ուսումնասիրություն և շահառուների ընտրություն՝ սահմանված չափորոշիչների հիման վրա։
  • Ընտրված շահառուների ԱՄԲ-ի բուն ծախսի ֆինանսավորում։

*Ծրագիրը չի նախատեսում ծածկել դեղորայքի, դոնորական սերմի կամ ձվաբջջի, ինչպես նաև փոխնակ մայրության ծախսերը։

Ակնկալվող արդյունքը/ազդեցությունը 
Ծրագրի շնորհիվ Հայաստանի առավել մեծ թվով ընտանիքներ ի վիճակի կլինեն օգտվել ԱՄԲ-ից, ինչն իր ազդեցությունը կունենա ժողովրդագրական պատկերի բարելավման վրա։