ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Աղքատության հաղթահարում

back line
Ընթացիկ
ԾՐԱԳՐԻ ՍԿԻԶԲ
date piker 01 Դեկտեմբերի, 2018
Ծրագիրը միտված է նպաստելու Հայաստանում աղքատության հաղթահարմանը։ Այն ենթադրում է սոցիալապես խոցելի ընտանիքներին այնպիսի աջակցության ցուցաբերում, որի շնորհիվ նրանք օժտվում են սեփական բարեկեցությունն ապահովելու կարողությամբ և դառնում ինքնաբավ։

Իրավիճակը
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2017 թ. Հայաստանում աղքատությունը կազմել է 25․7% (այս թիվը ներառում է չափավոր (շատ) աղքատներին՝ 9․2%, և ծայրահեղ աղքատներին՝ 1․4%)։ Սա նշանակում է, որ Հայաստանում 766000 մարդու (երկրի ամեն չորրորդ բնակչի) ամսական սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է աղքատության վերին գծից՝ 41612 դրամից։ 2017 թ. դրությամբ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների թիվը եղել է 100288, իսկ ամսական նպաստի միջին չափը՝ 31350 դրամ (տե՛ս հղումը
Վերոնշյալ տվյալները ցույց են տալիս, որ մեր երկրում աղքատությունը դեռևս լուրջ մարտահրավեր և համակարգային միջամտության առաջնային ոլորտ է, որը պահանջում է ոչ միայն հավելյալ միջոցների ներգրավում, այլև արդեն իսկ ներդրվող միջոցների ծախսարդյունավետության մեծացում և կարողությունների հզորացում։

Նպատակը
Ծրագրի նպատակն է «ավարտական մոտեցման» մոդելի կիրառմամբ նպաստել Հայաստանում աղքատության հաղթահարմանը՝ աջակցելով սոցիալապես խոցելի ընտանիքների կարողությունների զարգացմանը, նրանց ինքնաբավության մեծացմանն ու տնտեսական կայունությանը։

Ի՞նչ է «ավարտական մոտեցումը»
«Ավարտական մոտեցումը» (Graduation Approach) ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու մոդել է, որը ներկայումս կիրառվում է աղքատության բարձր մակարդակ ունեցող մի քանի տասնյակ երկրների առավել խոցելի խմբերի հետ աշխատանքում այնպիսի կառույցների կողմից, ինչպիսիք են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, Համաշխարհային բանկը, Ֆորդ հիմնադրամը և այլն։ 15-ից ավել երկրներ այս մոդելը ներառել են սոցիալական ապահովության իրենց պետական ծրագրերում։
«Ավարտական մոտեցման» շահառու ընտանիքների ընտրությունը կատարվում է համապատասխան մեթոդաբանությամբ, որը պահանջում է որոշակի ներուժի առկայություն ընտանիքում։ Մոտեցման շրջանակներում ընտանիքի կարիքների գնահատումից հետո կազմվում է անհատական զարգացման պլան և աշխատունակ անդամ(ներ)ի ուսուցման/վերապատրաստման միջոցով ստեղծվում են ընտանիքի ինքնաբավության նախադրյալները։
ՀՀ-ում «ավարտական մոտեցման» մոդելը ներդրել է Վորլդ Վիժն Հայաստանը 2016թ-ին։ Կազմակերպությունը «Իմ քայլը» հիմնադրամի գլխավոր գործընկերն է այս ծրագրի իրականացման շրջանակներում։

Հիմնական գործողությունները
Ծրագրի շրջանակներում իրականացվում են հետևյալ հիմնական գործողությունները.

  • ընտանիքի կարիքների գնահատում,
  • ընտանիքի զարգացման անհատական պլանի կազմում,
  • ընտանիքի աշխատունակ անձի/անձանց մասնագիտական վերապատրաստում,
  • ընտանիքի անդամներին կյանքի և տեխնիկական հմտությունների ուսուցանում,
  • ընտանիքի աշխատունակ անձի/անձանց աջակցություն աշխատաշուկայում տեղ գտնելու կամ եկամտի սեփական աղբյուրը ստեղծելու գործում։

Այս ամենի շնորհիվ ընտանիքը 1-2 տարում «ավարտում» է ծրագիրը, հաղթահարում աղքատությունը և կանգնում սեփական ոտքերի վրա՝ ինտեգրվելով համայնքային կյանքում ու ձևավորելով կենսունակ, ինքնաբավ տնային տնտեսություն։
Այս պահին ծրագրում ընդգրկված է 17 ընտանիք։ Մոտ ապագայում ծրագրում կընդգրկվի ևս 8 ընտանիք՝ հասցնելով թիվը 25-ի, իսկ «ավարտող» ընտանիքներին կփոխարինեն նորերը։


*Ծրագիրը չի նախատեսում՝

  • ընտանիքին ֆինանսական միջոցների առձեռն տրամադրում,
  • բնակարանի կամ մեքենայի գնում,
  • վարկի տրամադրում կամ մարում,
  • դատական գործերին միջամտություն։


Ակնկալվող արդյունքը/ազդեցությունը
Ծրագրի արդյունքում նախատեսվում է նվազեցնել սոցիալապես խոցելի ընտանիքների թիվը Հայաստանում՝ նրանց սեփական բարեկեցությունն ապահովելու կարողությամբ օժտելու միջոցով։ Սա կնպաստի Հայաստանում աղքատության ընդհանուր մակարդակի նվազեցմանը, ինչպես նաև աղքատության բացասական այնպիսի հետևանքների հաղթահարմանը, ինչպիսիք են մանկալքությունը, ընտանիքի թերսնումը, առողջական վիճակի վատթարացումը, կրթական համակարգից դուրս մնալը, սոցիալական մեկուսացումը և այլն։

ԾՐԱԳԻՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

news-listing-img
date piker 18 Սեպտեմբերի, 2019
Աղքատության պարտությունը բոլորիս հաղթանակն է
Սեպտեմբերի 18-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, «Իմ քայլը» հիմնադրամը և «Վորլդ Վիժն Հայաստանը» հրավիրել էին համատեղ ասուլիս, որտեղ ներկայացվեցին «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի արդյունքները։
news-listing-img
date piker 17 Սեպտեմբերի, 2019
«Աղքատության փուլային հաղթահարման» ծրագիրը Արցախի Հանրապետությունում
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը նպատակ ունի ամրապնդել սոցիալական ծրագրերի ներդրումն ու համակարգումը նաև Արցախի հանրապետությունում։ Այդ համատեքստում հիմնադրամը մշտապես փորձում է գտնել համախոհ անհատների և կազմակերպությունների, որոնց ներգրավվածությունն առավել արդյունավետ կդարձնի Արցախում աղքատության նվազեցումն ու ընտանիքների բարեկեցության հաստատումը ։
news-listing-img
date piker 22 Հունվարի, 2019
«Իմ քայլը» հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը միավորում են ռեսուրսները՝ հանուն կարիքավոր ընտանիքների բարեկեցության ապահովման
Այսօր «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը եւ Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը ստորագրեցին հուշագիր՝ առավել խոցելի ընտանիքների բարեկեցությանն ուղղված համագործակցության վերաբերյալ: