Թավշյա հեղափոխությունը՝ Վենետիկի արվեստի բիենալեում

21 Մայիսի, 2019
Հայկական թավշյա հեղափոխության մշակութաբանական ու գեղարվեստական վերլուծությունը «Հեղափոխական սենսորիում» նախագծով ներկայացվում է Վենետիկի արվեստի 58-րդ միջազգային բիենալեում։

Այս տարի առաջին անգամն է, որ նախագիծն ընտրվել է բաց մրցույթով. համադրողը Սուսաննա Գյուլամիրյանն է, մասնակցող արվեստագետները` «Արտլաբ Երևան» արվեստագետների խումբը (Հովհաննես Մարգարյան, Վարդան Ջալոյան, Արթուր Պետրոսյան, Գագիկ Չարչյան) և Նարինե Առաքելյանը։ Բիենալեին Հայաստանի մասնակցությանն աջակցել է նաև «Իմ քայլը» հիմնադրամը։

Հայաստանի 2018 թվականի հեղափոխական իրադարձություններին մշակութաբանական դիտանկյունից անդրադարձող նախագիծը բաղկացած է երեք մասից։

Առաջին մասում «Արտլաբ Երևան» արվեստագետների խումբը «Հեղափոխական սենսորիում» անվանմամբ մեծածավալ տեսաինստալացիայի ձևաչափով ներկայացնում է հայկական հեղափոխությանը վերաբերող վավերագրական նյութերի հետազոտություն-հավաքագրումը, որն ունի թեմատիկ մի քանի ուղղվածություն՝ հեղափոխական բազմություն, հեղափոխության ստեղծագործականությունը, բռնությունն ընդդեմ հեղափոխության, հեղափոխություն/վերամասնակցում և այլ հարակից թեմաներ։

Երկրորդը արվեստագետ Նարինե Առաքելյանի «շերեփ-կաթսա» նախագիծն է, որը Վենետիկի հանրային տարածքներում վերարտադրում է հեղափոխության օրերին հայաստանցի կանանց անհնազանդության ակցիաները: Նախագիծը 50 կամավոր կանանց մասնակցությամբ ներկայացնում է հայաստանցի կանանց ստեղծագործականությունն ու առաջադրած ինքնատիպ լուծումները։

Ցուցադրության երրորդ՝ «Երկխոսություններ հեղափոխության և իշխանության մասին» խորագրով մասի առանցքում նույնպես կանայք են, որոնք այս անգամ ներկայանում են վերլուծությունների, երկխոսությունների ու քննարկումների ձեւաչափերում։ Հայաստանյան տաղավարի համադրողի նախաձեռնած և կազմակերպած տեսագրութուններում տարբեր ոլորտների քննադատաբար մտածող կին փորձագետներ, մտավորականներ, քաղաքացիական ակտիվիստներ անդրադառնում են հետհեղափոխական Հայաստանում բազմաթիվ ոլորտների վերակազմակերպման խնդիրներին. «Սրանք խորհումներ են սոցիալական քաղաքականության, մշակութային, գենդերային, տնտեսական, իրավական, բարոյական և ուրիշ ասպեկտների վերաբերող հարցերի շուրջ»,- ասում է համադրող Սուսաննա Գյուլամիրյանը։

Վենետիկի արվեստի 59-րդ բիենալեի հայաստանյան տաղավարի բացումը տեղի է ունեցել 2019 թ. մայիսի 9-ին։ Ցուցադրությունը հանրության համար բաց է լինելու մինչև նոյեմբերի 24-ը, Վենետիկի Մուրատ-Ռափայէլեան վարժարանում (Palazzo Zenobio):

***

Վենետիկի արվեստի բիենալեն աշխարհում ժամանակակից արվեստի կարևորագույն, ամենահեղինակավոր և հանրահայտ միջոցառումներից է, որը հիմնադրվել է 1895 թվականին։ Բիենալեի շրջանակներում ցուցադրություններ ու հետազոտություններ են կազմակերպվում արվեստների, ճարտարապետության, կինոյի, պարի, երաժշտության ու թատրոնի բնագավառներում, երեք ձևաչափով՝ ազգային տաղավարների ցուցադրություններ, միջազգային հիմնական ցուցադրություն և բազմակողմ միջոցառումներ։ Հայաստանը բիենալեին մասնակցում է 1995 թվականից, 2010 թվականից՝ Մշակույթի նախարարության հովանու ներքո։

Այս տարի բիենալեի հիմնական ցուցադրության թեման հղում է կատարում հին չինական ասույթի՝ «Թող որ ապրեք հետաքրքիր ժամանակներում»:


Լուսանկարները՝ Կարեն Միրզոյանի

Նորություններ

Այլ Լուրեր

news-listing-img
date piker 13 Հունիսի, 2019
«Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը՝ Հայաստանում
«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում hունիսի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում բացառիկ համերգով հանդես կգա «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը: Աշխարհի չորս մայրցամաքներում հանդիսատեսին գերող խումբը կներկայացնի երաժշտություն Եվրոպայից մինչև Աֆրիկա և նախորդ ու քսանմեկերորդ դարերի հեղինակների գործեր:
news-listing-img
date piker 29 Մայիսի, 2019
Խաչփարի միջնակարգ դպրոցի սաները՝ «Պարկեր» լարային քառյակի համերգին
Մարզաբնակ երեխաների համար երեւանյան մշակութային կյանքը հասանելի դարձնելու՝ «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնության շրջանակներում երեկ Երեւանում էին Արարատի մարզի Խաչփար գյուղի միջնակարգ դպրոցի մի խումբ սաներ՝ մասնակցելու «Երեւանյան հեռանկարներ» դասական երաժշտության փառատոնի հերթական համերգին։
news-listing-img
date piker 22 Մայիսի, 2019
Ամփոփելով «Ուրվականը». արդյունքներ, արձագանքներ, նպատակներ
Մայիսի սկզբին «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ Երեւանում առաջին անգամ տեղի ունեցավ նորագույն մշակույթի «Ուրվական» փառատոնը, որի մասին մինչ այսօր էլ խոսում է բազմազգ լսարանը։ Փառատոնի երեք օրերի ընթացքում շուրջ 3000 հոգուց բաղկացած լսարանը, որից ավելի քան 1000-ը հատուկ փառատոնի համար հայաստան ժամանած զբոսաշրջիկներ, հնարավորություն ունեցավ վայելելու փառատոնի հագեցած ծրագիրը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում բացման համերգից մինչեւ Մանկական երկաթուղու երեք հարթակներն ու «Միրզոյան» գրադարանի գիշերային ծրագիրը։