Մամուլի ասուլիս. «Այն, ինչ որ անում ենք, անում ենք ի նպաստ մարդկանց, ի նպաստ Հայաստանի»

27 Մայիսի, 2019
Այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ամփոփվեցին երկու հիմնադրամների՝ այս տարվա ապրիլին Ամերիկայի միացյալ նահանգներ կատարած այցի արդյունքները, պատասխաններ տրվեցին լրագրողներին հետաքրքրող հարցերին։

Ամերիկյան հանդիպումներ եւ արդյունքներ

Անդրադառնալով ԱՄՆ կատարած այցին՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը նախ ներկայացրեց այն հանդիպումները, որոնք Աննա Հակոբյանն ունեցել է երկրի ղեկավարի տիկնոջ կարգավիճակով։ Այդպիսի հանդիպումներ են տեղի ունեցել Վաշինգտոնում՝ ԱՄՆ կոնգրեսում կոնգրեսականների հետ, կոնգրեսի գրադարանում, Միջազգային խաղաղության «Կարնեգի» հիմնադրամում, որտեղ հիմնական խոսնակը եղել է Աննա Հակոբյանը։ Եղել են նաեւ համայնքային հանդիպումներ։

Համայնքի հետ հանդիպում է տեղի ունեցել նաեւ Բոստոնում՝ Րաֆֆի եւ Նինա Ֆեստեկջյանների տանը։ Երեկույթի ընթացքում ներկայացվել են «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերը եւ գործունեության բնույթը։ Հաջորդ հանգրվանը Լոս Անջելեսն էր, որտեղ համայնքի հետ հանդիպումներ են եղել տարբեր ձեւաչափերով։ Համայնքային նշանակության հանդիպումը տեղի է ունեցել «Ալեքս» թատրոնում, որին ներկա է եղել համայնքի 1500 ներկայացուցիչ։ Պատվիրակությունը մասնակցել է նաեւ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության 25-ամյակին նվիրված միջոցառմանը։

Նյու Յորքում հանդիպում է տեղի ունեցել հայկական բարեգործական ընդհանուր միության շուրջ 30 ակտիվ կանանց հետ, որի ընթացքում ներկայացվել են Հիմնադրամի անելիքները։ Հանդիպումներ են եղել նաեւ Հայ ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչների, Նյու Յորքի «Կարնեգի» կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանի, ինչպես նաեւ «Տավիդյան» հիմնադրամի հիմնադիր պրն. Ասո Տավիդյանի հետ։

Անդրադառնալով արդյունքներին՝ Հովհաննես Ղազարյանը նշեց, որ ամերիկյան այցի ընթացքում հավաքագրվել է 1 միլիոն 60 հազար դոլար, որից 500 հազարը հիմնադրամը կստանա այն դեպքում, երբ հիմնադրամի ծրագրերը հավուր պատշաճի կիրականացվեն 6 ամսվա ընթացքում։ Այդ պայմանը դրվել է «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի կողմից։ Ղազարյանն ասաց, որ մի շարք հնարավոր նվիրատուների հետ կապը եւ բանակցությունները շարունակվում են, նրանց տրամադրվում են հավելյալ տեղեկություններ Հիմնադրամի ծրագրերի մասին։

Աննա Հակոբյանը ԱՄՆ-ում ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնեց թե ամերիկյան գործընկերներին, թե հայ համայնքին։ Նա իր գոհունակությունը եւ ուրախությունը հայտնեց Սփյուռքում տիրող դրական մթնոլորտի համար։

Նվիրատուների մասին

Լրագրողների հարցերին ի պատասխան՝ Աննա Հակոբյանը նշեց, որ իր ղեկավարած հիմնադրամներին նվիրատվություն անել ազատ են բոլորը. «Մենք ներկայացնում ենք բոլորին մեր արած աշխատանքը, մեր անելիք աշխատանքը, մեր նպատակները, ներկայացնում ենք մանրամասն եւ բոլորի նվիրատվության համար շնորհակալ ենք, որովհետեւ դրանք ծառայելու են այդ նպատակների իրագործմանը։ Մենք չենք ուզում ինչ-որ մարդկանց ասել՝ գիտեք, դուք ինչ-որ մեկի ճաշակին կամ քիմքին այնքան էլ հաճելի չեք, դրա համար դուք նվիրատվություն մի արեք, մեր գործին մի նպաստեք։ Մենք բոլորին ենք ձեռք մեկնում համագործակցության, որովհետեւ հավատում ենք մեր ծրագրերին, գտնում ենք, որ այն ինչ որ անում ենք, անում ենք ի նպաստ մարդկանց, ի նպաստ Հայաստանի, եւ մեզ համար ընտրություն չկա նվիրատուների միջեւ»,- ասաց Աննա Հակոբյանը։

Անհատական դիմումների մասին

Ի պատասխան Հիմնադրամի կողմից անհատական առողջապահական դիմումների մերժման հետ կապված դժգոհությունների վերաբերյալ հարցին՝ Աննա Հակոբյանը հիշեցրեց, որ դեռ փետրվար ամսին տեղի ունեցած նախորդ ասուլիսին ինքը խնդրել էր քաղաքացիներին «Իմ քայլը» հիմնադրամին չդիմել անհատական առողջական դիմումներով։ «Ես ներողություն եմ խնդրել, եւ կրկին ներողություն եմ խնդրում, որ մենք չենք կարողանում այդ անհատական դիմումներին արձագանքել, որովհետեւ դրանք շատ մեծ թիվ են կազմում եւ շատ մեծ ռեսուրս են պահանջում, եւ եթե մենք զբաղվենք դրանով, ուրիշ ոչ մի բանով չպետք է զբաղվենք։ Երբ որ մեր միջոցներն այնքան մեծ կլինեն, որ մենք մեր անելիքները անելուց դուրս հավելյալ բյուջե կունենանք, կսկսենք նաեւ մարդկանց այդ ճանապարհով օգնել»,- ասաց նա։

Տիկին Հակոբյանը հավելեց, որ այդուհանդերձ հիմնադրամի աշխատակիցները փորձում են թեկուզ ուղղորդելու միջոցով օգնել անհատական խնդիրներով դիմող քաղաքացիներին՝ կամուրջ դառնալով հնարավորությունների եւ կարիքների միջեւ։ Նա նշեց, որ հիմնադրամի ավելի հեռահար նպատակն է ստեղծել հիմնադրամների, միջամտություն իրականացնող կազմակերպությունների առցանց համապարփակ հարթակ, ինչը թե շահառուներին, թե կազմակերպություններին հնարավորություն կտա իրազեկված լինել դաշտում առկա հնարավորությունների եւ իրականացվող միջամտությունների վերաբերյալ։

Թեմային առնչվող մեկ այլ հարցի պատասխանելով՝ Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը նշեց, որ Հիմնադրամի ստեղծման օրից մինչ այժմ ստացվել է 3100-ից ավելի դիմում առողջապահական, սոցիալական, կրթական, մշակութային, շինարարական հարցերի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ քանի որ բոլոր դիմումներին հնարավոր չէ ընթացք տալ, հետևաբար սահմանվում են ընտրության չափանիշներ։ Օրինակ՝ սոցիալական ոլորտում Վորլդ Վիժն Հայաստանի հետ գործընկերությամբ իրականացվող Աղքատության փուլային հաղթահարման ծրագրի շրջանակներում կարևոր պայման է աշխատելու ցանկություն ու ներուժ ունենալը, որի արդյունքում հնարավոր է հասնել ընտանիքի ինքնաբավության։ «Այս մոտեցումն ընտրվել է երկու պատճառով. նախ՝ որովհետեւ այդպես խնդիր ենք լուծում, եւ երկրորդ՝ որովհետեւ դոնորները գումար են տալիս նմանատիպ ծրագրերի իրականացման համար։ Շատ դժվար է գումար հայթայթել, գումար բերել՝ ասելով, որ անհատական բժշկական օգնություն ենք տալիս»,- ասաց Հովհաննես Ղազարյանը։

Ասուլիսի ամբողջական տեսագրությունը՝ ԱՅՍՏԵՂ։

27 Մայիսի, 2019
Նորություններ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 20 Հունիսի, 2019
«Իմ քայլը» հիմնադրամը և Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը կհամագործակցեն
Ստորագրված հուշագրի շրջանակում կստեղծվեն փաստերի և գիտելիքի վրա հիմնված նորարարական լուծումներ:
news-listing-img
date piker 15 Ապրիլի, 2019
Աննա Հակոբյանը և Հովհաննես Ղազարյանը հանդիպել են Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչներին
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile - Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 13-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախաձեռնությամբ ԱՄՆ այցի շրջանակում հանդիպել է Նյու Յորքի հայ համայնքում ակտիվ գործունեություն ծավալող ավելի քան երեսուն հայ կանանց հետ։
news-listing-img
date piker 11 Ապրիլի, 2019
Աննա Հակոբյանը Լոս Անջելեսի հայ համայնքին ներկայացրել է իր ղեկավարած հիմնադրամների գործունեությունը
Ապրիլի 8-ին «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ու գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը Գլենդելի «Ալեքս» թատրոնում հանդիպել են Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: