«Մեկ մարզ, մեկ երգ» կամ ինչպես Հայաստանի ու Արցախի մասին աշխարհին պատմել երաժշտության միջոցով

28 Օգոստոսի, 2019
«Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում մեկնարկել է մի շատ ինքնատիպ երաժշտական-մշակութային նախաձեռնություն, որը հավակնում է դառնալ դեպի Հայաստան զբոսաշրջությունը խթանող յուրահատուկ այցեքարտ։

Երգչուհի, երգահան Ալին Դեմիրճյանը ծնվել է Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում։ Ալինի հեռավոր նախնիները Արևմտյան Հայաստանից և Արցախից են։

Ալինն Արգենտինայում զբաղվել է սոցիալական աշխատանքներով, բայց, ինչպես ինքն է ասում ՝ «իմ տարերքը երաժշտությունն էր»։ Դեռևս Բուենոս Այրեսի Հայկական դպրոցում սովորելու տարիներից նա մի քանի անգամ այցելել է Հայաստան։ 2011 թվականի այցելությունը Birthright ծրագրի շրջանակներում էր՝ որպես կամավոր։

«Մի օր որոշեցի սկսել երգել, ձայնագրություններ անել, երգեր գրել, դրա պատճառով թողեցի համալսարանը։ Երբ Birthright-ի «Դեպի Հայք» ծրագրով եկա Հայաստան, այդ ժամանակ սոցիալական աշխատող էի Արգենտինայում։ Երբ եկա Հայաստան, սկսեցի ազատ ժամանակ տարբեր փաբերում հաճույքի համար երգել գրածս երգերը։ Զգացի, որ մարդիկ լսում են, հավանում, անգամ երբ փողոցում տեսնում էին, ասում էին՝ ա՜, այս աղջիկն էր երեկ այդքան լավ երգում։ Եվ երբ վերադարձա Արգենտինա, այլևս ուզում էի այդ մարդը լինել՝ երաժիշտ Ալինը և ոչ սոցիալական աշխատող Ալինը։ Այդ ժամանակ թողեցի համալսարանը և սկսեցի փաբերի մեջ նվագել, երգել, ձայնագրեցի իմ առաջին ալբոմը, որը կոչվում է Searcing for the amber։ Եվ այլևս 2012 թվականից զբաղվում եմ միայն երաժշտությամբ։»

Ալինը յոթ տարի շարունակ աշխատել է նաև Բուենոս Այրեսի հայկական երկու դպրոցներում որպես հայոց լեզվի և երաժշտության ուսուցչուհի։ Ընկերուհու հետ, որը նույնպես ուսուցչուհի էր հակական դպրոցում, հայ երեխաների համար ստեղծել էին «Ալին ու Թալին» երաժշտական դուետը։

Հայաստան Ալին Դեմիրճյանն այցելում է նաև Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո, մայրիկի հետ։ Հենց այս այցելությունն էլ դառնում է դեպի մի գեղեցիկ երազանքի իրականացում տանող ճանապարհի մեկնարկ։

«Արցախից վերադառնում էինք Երևան։ Կանգնեց վարորդը մի տեղ մեքենան գազով լիցքավորելու։ Ոչ մի մարդ չկար այդտեղ, մտանք այդտեղի խանութ, այնտեղ էլ գրեթե մարդ չկար։ Մեկ էլ մի կին եկավ ու սկսեց ակորդեոն նվագել ու երգել։ Շատ տպավորիչ պահ էր։ Ու ես երևի այդ պահից սկսեցի երազել « Մեկ մարզ, մեկ երգ» նախագծի մասին»,- փայող աչքերով պատմում է Ալինը։ 

«Մեկ մարզ, մեկ երգ»-ը Հայաստանն ու Արցախը ներկայացնող մի ինքնատիպ մշակութային- երաժշտական, նախագիծ է ։

Ալինից տեղեկանում ենք, որ ծրագրի նպատակն է երգի, երաժշտության միջոցով ներկայացնել Հայաստանը և Արցախը: «Ուզում եմ շրջել Հայաստանի և Արցախի բոլոր շրջաններով, ծանոթանալ տեղի երաժիշտների կամ երաժշտախմբերի հետ, որպեսզի ամեն մարզում համատեղ մի հայկական երգ երգենք միասին, հետո նկարահանենք այդ երգի տեսահոլովակը»,-ասում է Ալինը:  Նա ուզում է, որ հոլովակները ոչ միայն հայկական գեղեցիկ երգեր ներկայացնեն, ոչ միայն պատմեն Հայաստանի զբոսաշրջային գեղեցիկ վայրերի մասին, այլ նաև դառնան Հայաստանի ու Արցախի ամեն մի մարզն ու շրջանը , այդտեղ ապրող մարդկանց ու նրանց ավանդույթները ներկայացնող փոքրիկ երաժշտական պատմություններ։ Թեև Ալինը այս նախագծով ուզում է օտարներին էլ պատմել մեր երգերի, մեր երկրի գեցեղկության, մեր մշակույթի ու երաժշտության մասին, այնուամենայնիվ թիրախային լսարան է համարում հատկապես Սփյուռքի երիտասարդությանը.

«Ես ուզում եմ, որ հատկապես Սփյուռքի երիտասարդերը, այդ թվում ՝ Լատինական Ամերկայի, որոնց շրջապատում մեծացել եմ ես, ճանաչեն Հայաստանն ու Արցախը։ Մեր Սփյուքը Հայաստանի հետ կապը կորցնելու վտանգի առաջ է հիմա, կարծում եմ։ Բավարար չէ միայն, որ մեր պապիկները մեզ ասել են, որ մենք հայ ենք, մենք այսօրվա Հայաստանի հետ կապված լինելու անհրաժեշտություն ունենք։ Ես ուզում եմ, որ երաժշտությունը այդ կամուրջը դառնա։ Ես Արգենտնինայի բոլոր հայկական դպրոցներում ներկայացրել եմ «Մեկ մարզ, մեկ երգ» ծրագրի մասին, որ սկսեն հետևել մեզ օրինակ՝ Ֆեյսբուքում, և նաև այս միջոցով ճանաչեն, գտնեն Հայաստանը։ Գիտե՞ք, իրենցից շատերը մտածում են, թե Հայաստանում միայն քոչարի են պարում ու լսում։ Ինչպես, օրինակ, Հայաստանում էլ գիտեն, թե Արգենտինայում միայն տանգո կա։ Բայց չէ՞ որ դա այդպես չէ»։

Ծրագրով նախատեսված է նկարահանել հայերեն լեզվով երաժշտական տարբեր ոճերի 19 երգ-տեսահոլովակներ ՝ 11-ը Հայաստանում և 8 -ը Արցախում:

«Մեկ մարզ, մեկ երգ» նախագծի աշխատանքները մեկնարկել են օգոստոսի 13-ին։ Արդեն նկարահանումներ են արվել Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում և Շիրակում։

«Գիտեք, ես Արգենտինայում էլ եմ սիրում գնալ գյուղեր, շրջաններ։ Դա նոր երգեր, նոր երաժշտություն, նոր ոճեր բացահայտելու հրաշալի առիթ է ինձ համար։ Ինչ որ տեղ նաև երաժշտական մարտահրավեր»,-ասում է Ալինն ու ավելացնում, որ մինչ ծրագիրը սկսելը իրենց թիմով լուրջ հետազոտական աշխատանք են արել և Հայաստանի, Արցախի ամեն մի շրջանում գտել հետաքրքիր երաժիշտների, ում հետ այսօր համագործակցում են ։

«Մեկ մարզ, մեկ երգ» նախագծի նկարահանումների փուլը նախատեսվում է ավարտել սեպտեմբերի վերջին։ Յուրաքանչյուր հոլովակի պատրաստ լինելուն պես այն կտեղադրվի նախագծի Յութուբի պաշտոնական էջում, հնարավորինս կհանրայնացվի սոցիալական մեդիայի էջերում։ Ի դեպ, նախագծի ընթացքն ամբողջությամբ այս օրերին լուսաբանվում է ծրագրի սոցիալական մեդիայի հարթակներում՝ #մեկմարզմեկերգ հեշթեգով։

Ալին Դեմիրճյանն իր երախտագիտությունն է հայտնում նախագծին աջակցած բոլոր կազմակերպություններին, այդ թվում՝ Birthright-ին, AGBU-ին, մարզպետարաններին, Արցախի մշակույթի նախարարությանը և, իհարկե, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին։

« «Իմ քայլը» հիմնադրամը շատ ջերմ արձագանքեց այս նախագիծն իրականացնելու իմ գաղափարին։ Շնորհակալ եմ ոչ միայն ջերմ ընդունելության, այլև ինձ այսքան օգտակար լինելու համար։ Ես գիտեմ, որ հիմնադրամը Հայաստանում իմ լավ բարեկամների շարքում է»,-իր ոգևորությունն է մեզ հետ կիսում Ալին Դեմիրճյանը։


28 Օգոստոսի, 2019
Նորություններ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 30 Դեկտեմբերի, 2019
«Վերնատուն» մշակութային հաղորդման դիտակետում «Իմ քայլը» հիմնադրամի մշակութային ծրագրերն ու նախաձեռնություններն են
Հանրային ռադիոյի «Վերնատուն» մշակութային հաղորդման դիտակետում «Իմ քայլը» հիմնադրամի մշակութային ծրագրերն ու նախաձեռնություններն են։
news-listing-img
date piker 09 Դեկտեմբերի, 2019
Մեկնարկում ենք մարզային մշակութային տների հզորացման ծրագիրը
«Իմ քայլը» հիմնադրամը հայտարարում է «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի մեկնարկը։ Դիմելու վերջնաժամկետն է՝ 2020 թ.-ի հունվարի 31-ը։
news-listing-img
date piker 04 Հոկտեմբերի, 2019
Մեկնարկում է «Սինթփոզիում» միջազգային փառատոնը
Իր վեցամյա պատմության մեջ առաջին անգամ «Սինթփոզիում» (Synthposium) երաժշտական նորարարական միջազգային փառատոնն անցկացվում է Երևանում՝ Հոկտեմբերի 4-ին և 5-ին։