«Իմ քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շրջանակում Կոռնիձորի, Խնձորեսկի, Հարթաշենի, Ակների, Վերիշենի և Գորայքի միջնակարգ դպրոցներում գործող ագրոտեխնոլոգիա խմբակների աշակերտները իրենց հերթական գործնական դասը անցկացրին Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի Սիսիանի մասնաճյուղի հողի անալիզի լաբորատորիայում։
Դասընթացի ընթացքում աշակերտները՝ ծանոթացան հողի անալիզի համար նախատեսված սարքավորումներին, սպեկտրոֆոտոմետրի միջոցով որոշեցին հողային լուծույթում մակրո և միկրո տարրերի քանակը, պատրաստեցին հողային լուծույթ՝ կիրառելով թորած ջուր և չորացած հողանմուշ, կոնդուկտոմետրի միջոցով գնահատեցին էլեկտրահաղորդականությունն ու հանքայնացման աստիճանը, pH մետրի օգնությամբ ստուգեցին լուծույթի միջավայրի ռեակցիան: Դասի ամփոփումը կատարվեց բնական ինդիկատորների ստացման փորձով։
Այս գործնական այցը նպաստեց դասական տեսական նյութի գործնականում կիրառելիությանը, հետաքրքրության խթանմանը և ապագա մասնագիտական կողմնորոշմանը։
Հիշեցնենք, որ «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը մեկնարկել է Սյունիքի մարզում՝ նպատակ ունենալով գյուղական համայնքների բարձր դասարանների աշակերտներին տրամադրել նորարարական, գործնական և արդիական կրթություն գյուղատնտեսության և ժամանակակից տեխնոլոգիաների համադրմամբ։