Այսօր Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում տեղի ունեցավ մտերմիկ հանդիպում, որին մասնակցում էին «Իմ Քայլը» հիմնադրամի «Հաջողակից սկսնակին» ծրագրի 2024թ շահառու կին գործարարները: Նրանցից երկուսը (Էմիլյա Միրզոյանը Տավուշից և Լիանա Մելքոնյանը Լոռիից) «Իմ քայլը» հիմնադրամի և Հայաստանում Չինաստանի դեսպանության համագործակցության շնորհիվ շաբաթներ առաջ գտնվում էին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում՝ մասնակցելու միջազգային կրթական ծրագրին՝ Seminar on Innovation and Development of Cultural Trade for Developing Countries:
Այսօր նրանք Երևանում էին ՝ ծրագրի մյուս շահառուների հետ կիսվելու փորձով, գիտելիքներով ու ձեռք բերած ոգեշնչմամբ։ Լիանան և Էմիլյան փաստեցին՝ նման ճանաչողական այցելությունները բիզնես մտածողության զարգացման կարևոր խթան են․ «Երբ տեսնում ես ուրիշ մշակույթ, գործելաոճ ու մոտեցումներ, սկսում ես նորովի ընկալել քո սեփական բիզնեսը և միանգամից ուզում ես նոր գաղափարներ բերել սեփական համայնք», – ասաց Էմիլյան։ Լիանան հավելեց, որ չնայած ծրագիրը հիմնականում ճանաչողական և մշակութային այցեր էր իր մեջ ընդգրկում, ինքն արդեն ունի իր համար սահմանած հստակ գաղափարներ, որոնք հուսով է շուտով կկարողանա ներդնել իր թեյերի արտադրության բիզնեսում:
Հանդիպմանը ներկա էին նաև հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, ծրագրի ղեկավար Անահիտ Խալաթյանը և «հաջողակ կին գործարարից սկսնակ կին գործարարին» նախագծի շահառուները։ Փոխտնօրենը նշեց․ «Մեզ համար չափազանց կարևոր է, որ ծրագիրը չսահմանափակվի դրամաշնորհի տրամադրմամբ։ Մենք կապ ենք պահում շահառուների հետ ոչ միայն մշտադիտարկումների շրջանակում, այլև կարևորելով նրանց շարունակական զարգացումն ու ինքնակրթությունը, ներգրավում ենք նրանց միջազգային վերապատրաստման ամենատարբեր դասընթացներում։ Մեր նպատակը նրանց լիարժեք առաջընթացը, զարգացումն ու ողջ ներուժի բացահայտումն է»։
Էմիլյայի և Լիանայի պատմությունները ոգեշնչեցին նաև մյուս ներկաներին, որոնցից 12-ը հիմնադրամի ֆինանսավորմամբ ևս շուտով կմեկնեն Չինաստան փորձի փոխանակման ծրագրով։ Նրանց բիզնեսները ամենատարբեր ոլորտներից են, ուստի փորձի փոխանակման նմանօրինակ ծրագրերից մասնակիցներից յուրաքանչյուրն իր ուրույն ձեռքբերումներն է ունենում և յուրովի կիրառում իր բիզնեսում: Հիմնադրամը ջանք չի խնայում, որ միջազգային կրթական հնարավորությունները հասանելի դառնան ծրագրի բոլոր շահառուներին:
Հիշեցնում ենք, որ «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի նոր` «Ստեղծենք միասին» փուլը արդեն մեկնարկել է, որի հայտադիմումները բաց են: Իսկ մայիսի 28-ին տեղի է ունենալու բարեգործական ընթրիք ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ, որի ողջ հասույթը կուղղվի նորաստեղծ ընտանիքների բիզնես ծրագրերի աջակցմանը։