Այսօր Տավուշի սահմանամերձ Բերդ համայնքում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման 30-րդ հանդիպումը՝ ընդգրկելով արդեն 14-րդ համայնքը։ Բերդի մշակույթի տան դահլիճում հավաքվել էր շուրջ 450 մասնակից՝ տարբեր տարիքի ու մասնագիտությունների մարդիկ, ովքեր այսօր դարձան մեր կրթաշղթայի օղակներից:
Շարժման նախաձեռնող, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանն իր բանախոսությունը մեկնարկեց նորաձև բառի բացատրությամբ։ Նրա «մնացել ենք հինգերորդ դարում» խորագրով ելույթում հնչեցին տարբեր մեջբերումներ Խորենացուց, Թումանյանից, Չարենցից ու Մաթևոսյանից՝ որոնց դարերի խորքից եկող խոսքերը ստիպում են հարցեր ուղղել ինքներս մեզ ու առերեսվել իրականությանն` ինչպես որ կա:
Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Իմանալ՝ ինչպես» բանախոսությամբ։ Նա մասնակիցների ուշադրությունը սևեռեց ոչ միայն գիտելիքի արժեքի, այլև այն գործնականացնելու կարևորության վրա՝ ընդգծելով կրթության առանցքային դերը ինքնաճանաչման և սոցիալական առաջընթացի համատեքստում։
Երաժշտական դադարի ընթացքում ներկաները վայելեցին «ՔԱՄԱՆՉԱ» ժողովրդական նվագարանների համույթի, Սաքսոֆոնահար Վաղարշ Վանեսյանի և «Ուտիք Տավուշ» պարայիմ համույթի ելույթները և շտապեցին իրենց հարցերը տալ և լուսանկարվել բանախոսների հետ սուրճի ընդմիջման հատվածում:
Վարչապետը նաև հանդես եկավ «Իրական Հայաստան» խորագրով իր երկրորդ բանախոսությամբ, ներկայացնելով պետության և քաղաքացիների միջև եղած փոխհարաբերությունների կարևորությունը։ «Հայաստանի Հանրապետության քաղաքացի´, պետությունը դու ես, դու ես Հայաստանի Հանրապետությունը» — հնչեց բանախոսության առանցքային գաղափարներից մեկը։
Կրթված ապագայի մեծ հույսով լցված` արձանագրում ենք, որ շարժման մասնակիցների թիվն արդեն հասել է 4668-ի։ Դուք նույնպես կարող եք միանալ այս համընդհանուր առաջընթացին՝ գրանցվելով հետևյալ հղումով` https://forms.gle/JFXga4bc21YDPNiw8
Առաջիկա հանդիպումների օրերը՝
•Մայիսի 7 — Երևան (Բանախոսներ՝ Ռուբեն Բաբայան, Բակուր Մելքոնյան, Աննա Հակոբյան)
•Մայիսի 10 — Կապան
•Մայիսի 11 — Քաջարան
•Մայիսի 18 — Տաթև
•Մայիսի 31 — Վանաձոր
•Հունիսի 7 — Սիսիան
•Հունիսի 8 — Գորիս
•Հունիսի 15 — Արտաշատ
•Հունիսի 21 — Մարալիկ
•Հունիսի 28 — Երևան