Այսօր Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը, որին ներկա էր շուրջ 600 մասնակից-արշավական։
Ավանդական դարձած ձևաչափով անցկացված միջոցառումը այս անգամ աչքի ընկավ իր բուռն հարցուպատասխանի հատվածով։ Մասնակիցները ակտիվորեն ուղղեցին իրենց հարցերը ՀՀ վարչապետին և տիկին Աննա Հակոբյանին՝ բարձրացնելով տարբեր ոլորտներին առնչվող խնդիրներ և առաջարկություններ։
Մասնակիցներից մեկը հետաքրքրվում էր կրթվելու հանդեպ հանրային հետաքրքրության բարձրացումով, կառավարության` կրթության ոլորտում կատարվող գործունեությամբ, մյուսը` «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնություններով, ծերերի ու կանանց համար նախատեսված ծրագրերով, մեկ այլ մասնակից հետաքրքվում էր գրաքննություններով և այլն:
Միջոցառումն ուղեկցվեց գեղեցիկ երաժշտական դադարով՝ ելույթ ունեցան «Քամանչա» ժողովրդական նվագարանների համույթը և «Երևանի ձայներ» կանանց կամերային երգչախումբը, որոնք շարժման այս հանդիպմանը հաղորդեցին հատուկ մշակութային գունեղ տրամադրություն։
Սուրճի ընդմիջման ընթացքում քաղաքացիները հնարավորություն ունեցան ոչ ֆորմալ միջավայրում շփվելու Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի հետ, ուղղելու իրենց մտահոգությունները և լուսանկարվելու նրանց հետ։
Հիշեցնենք, որ Դուք ևս կարող եք միանալ հանրային Շարժմանը ու բաց չթողնել համընդհանուր զարգացման այս ալիքը, որի համար պետք է պարզապես լրացնել հետևյալ հայտը` https://forms.gle/JFXga4bc21YDPNiw8 : Առաջիկայում «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումները կշարունակվեն Բերդավան, Բերդ, Կապան, Քաջարան, Աշտարակ, Տաթև, Վանաձոր համայնքներում, ինչպես նաև մայիսի 7-ին Մատենադարանում տեղի կունանա հանդիպում Ռուբեն Բաբայանի, Բակուր Մելքոնյանի և Աննա Հակոբյանի բանախոսություններով: