Այսօր Ապարանի մշակույթի տանը կայացավ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը:
Քաղաքացու օրը Ապարանում նշվում էր մեծ շուքով` պետականությանը և քաղաքացու ազատ խոսքին նվիրված տոնակատարությամբ, իսկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումը միջոցառմանը հաղորդեց լրացուցիչ խորություն՝ ընդգծելով կրթության և ինքնազարգացման կարևորությունը, որի շնորհիվ մենք հնարավորություն կունենանք մեր դարավոր խնդիրները չփոխանցել ապագա սերունդներին։
Ի դեպ, հանդիպման մասնակիցների մեծամասնությունը Ապարանի կրթական տարբեր կենտրոնների և ուսումնական հաստատությունների երիտասարդներ էին:
Միջոցառումն անցկացվեց արդեն սիրված ձևաչափով. բացման խոսքով հանդես եկավ տիկին Աննա Հակոբյանը՝ շեշտելով, որ Շարժման մասնակիցների թիվն արդեն գերազանցել է 3000-ը, և այսօր առավել քան երբևէ կարևոր է ձևավորել կրթվելու և ինքնազարգացման նոր մշակույթ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմանալ՝ ինչպես» և «Իրական Հայաստան» բանախոսությունների ընթացքում կարևորեց գիտելիքի գործնական կիրառման անհրաժեշտությունը և հիշեցրեց, որ արդեն յոթ տարի Հայաստանի Հանրապետության իշխանությունը պատկանում է քաղաքացուն։ Նա նաև խոսեց հայրենիքի նկատմամբ վերաբերմունքի, քաղաքացիական ակտիվության և պետության հանդեպ պարտավորվածության մասին:
Հանդիպման գեղարվեստական հատվածում հանդես եկան «ՔԱՄԱՆՉԱ» ժողովրդական նվագարանների համույթը, ինչպես նաև Ապարանի մշակույթի կենտրոնի ժողովրդական պարերի և էստրադային վոկալ համույթները՝ ստեղծելով տոնական և ոգեշնչող մթնոլորտ:
Հանդիպման թերևս ամենաակտիվ մասը հարցուպատասխանի բաժինն էր, որտեղ Ապարանի երիտասարդությունը հետաքրքրվեց կրթության, «Իրական Հայաստան» գաղափարի, երկրի անվտանգության, բանակում իրականացվող բարեփոխումների և Հայաստանի ապագային վերաբերող այլ հարցերով:
«Կրթվելը նորաձև է» շարժումը շարունակում է իր ճանապարհը՝ կրթության հանդեպ սեր և պատասխանատվություն սերմանելով Հայաստանի համայնքներում՝ հավատալով, որ այսօր ներդրված ջանքերն ապագայում կբերեն գիտակից, ուժեղ և պատասխանատու քաղաքացիական հասարակության կայացմանը։