Այսօր «Երիտասարդի երազանք» նախագծի վերջին խմբի 18 մասնակիցները ներկայացնում էին իրենց մարքեթինգային ծրագրերը հիմնադրամի թիմին, ովքեր, լսելով բիզնես գաղափարներն ու մարքեթինգային պլանները, կիսվում էին իրենց խորհուրդներով և օգնում կատարել վերջին շտկումները։ Այս խումբը կազմված է այն երիտասարդներից, ովքեր հասանելիության խնդիրներով պայմանավորված ֆիզիկապես չեն կարողացել մասնակցել դասընթացներին, բայց ձգտումը հաղթել է բոլոր դժվարություններին, և դասընթացներին մասնակցել են օնլայն տարբերակով:
Մասնակիցները շաբաթներ անց իրենց գործարար ծրագրերը կներկայացնեն հատուկ կազմված հանձնաժողովին։ Հենց այդ հանդիպման արդյունքում էլ կորոշվի՝ ովքե՞ր են ստանում դրամաշնորհ և իրական հնարավորություն՝ իրենց երազանքները գործող բիզնեսի վերածելու համար։
Այսօրվա հանձնաժողովը ուրախ էր արձանագրել, որ բիզնես գաղափարների շրջանակը լայն էր՝ մեղվապահությունից և ծնեբեկի արտադրությունից մինչև գինու համտեսի սրահներ, հյուրատներ ու սրճարաններ։ Ստորև այն ոլորտներն են, որոնց շուրջ ձևավորվել էին մասնակիցների գործարար ծրագրերը․
- մեղվապահություն
- ծնեբեկի արտադրություն
- գինու համտեսի սրահ
- գդալով դոզավորված մեղրի արտադրություն
- հյուրատուն և սննդի կազմակերպում
- անվտանգության և տեսահսկման համակարգեր
- հացաբուլկեղենի արտադրություն
- սրճարանային գործունեություն և այլն
«Հաջողակից՝ սկսնակին» ծրագիրը «Իմ Քայլը» հիմնադրամի կարևոր նախաձեռնություններից է, որը նպատակ ունի խթանել փոքր բիզնեսի զարգացումը և ձևավորել բարեգործության նոր մշակույթ, որտեղ կայացած գործարարները ներդրում են կատարում սկսնակ ձեռնարկատերերի զարգացման գործում։