Այսօր «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի թիմը գտնվում էր Աշտարակում՝ Արագածոտնի մարզպետարանի դահլիճում, որտեղ «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության շահառու ընտանիքները անցնում էին իրենց առաջին տեսական դասընթացը՝ «Ջերմատնային աշխատանքների ճիշտ կազմակերպում» թեմայով։
5 ժամ տևողությամբ ինտենսիվ դասընթացը վարում էր գյուղատնտեսական ոլորտի փորձառու մասնագետ Արտավազդ Ղազարյանը, ով մասնակիցներին ներկայացրեց ջերմոցային տնտեսության կազմակերպման հիմնարար սկզբունքները՝ հաշվի առնելով տեղական կլիմայական առանձնահատկությունները, հողի մշակման նրբությունները և բերքատվության բարձրացման գործոնները։
Դասընթացի ընթացքում շահառուները ոչ միայն ակտիվ լսում էին, այլև բարձրաձայնում էին իրենց հարցերը՝ կապված բանջարաբոստանային մշակաբույսերի, հատապտուղների, բրոկոլիի, ծնեբեկի և անգամ ծաղիկների աճեցման հետ։ Մասնակիցները նաև կիսվում էին նախկինում իրենց ունեցած փորձով՝ ճշտելով ունեցած տեղեկությունները սերմերի տեսակների, պարարտանյութերի և դրանց կիրառման ձևերի վերաբերյալ:
Դասընթացը ոչ միայն հագեցած և տեղեկատվական էր, այլև ոգեշնչող՝ օգնելով մասնակցիներին վերջնական կողմնորոշվել, թե ինչ են պատրաստվում աճեցնել իրենց նոր ջերմոցներում։
Առջևում գործնական ուսուցումներն են և ճանաչողական այցերը՝ իրական ջերմատնային տնտեսություններ:
«Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության նպատակն է նպաստել 2023թ․-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների գյուղատնտեսական կարողությունների և բիզնես մտածելակերպի զարգացմանը, տնտեսապես կայունացմանը, մարզում և համայնքում ինտեգրմանը և ՀՀ-ում մշտապես հաստատմանը: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը Կիպրոսի կառավարության կողմից ստացած դրամաշնորհի միջոցով ՀՀ Արագածոտնի մարզի երեք համայնքներում՝ Աշտարակ, Թալին, Ապարան և Լոռու մարզի չորս համայնքներում՝ Սպիտակ, Ալավերդի, Փամբակ, Ստեփանավան մշտական բնակություն հաստատած 20 ընտանիքի տրամադրել է 250 քմ․ մակերեսով ջերմատներ: Առաջիկայում կտեղադրվեն նաև կաթիլային ոռոգման և ջեռուցման համակարգերը, ինչպես նաև շահառուներին կտրամադրվեն սերմեր և սածիլներ։