Այսօր տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման արդեն 24-րդ հանդիպումը, որը այս անգամ Մատենադարանի Հրաչյա Թամրազյանի անվան դահլիճում էր: Կրթարշավին միացավ 150 գաղափարակից մասնակից:
Հանդիպման մեկնարկը տրվեց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի ոգեշնչող ելույթով։ Նա կրկին ընդգծեց կրթվելու կարևորությունը՝ որպես անհատական աճի, երկրի զարգացման և հզոր հասարակության ձևավորման հիմնասյուն։
Իր ելույթին հաջորդեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմանալ` ինչպես» բանախոսությունը, որի ընթացքում նա անդրադարձավ կրթության, անձնական պատասխանատվության և ինքներս մեզ հետ անկեղծ լինելու և չիմացածը չթաքցնելու վերաբերյալ թեմաներին:
Բանախոսություներին հաջորդեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչների կատարումները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպման վերջում հանդես եկավ «Իրական Հայաստան» խորագրով իր երկրորդ բանախոսությամբ՝ կիսելով իր պատկերացումները փոփոխությունների և զարգացման ուղիների մասին։
Հանդիպման մասնակիցները մեծ ոգևորությամբ նշում էին, որ նման բաց և անմիջական ձևաչափով շփումը երկրի ղեկավարի հետ բացառիկ հնարավորություն է և ուրախ են, որ առիթ ունեն համատեղ մտածելու արդի թեմաների շուրջ ։