«Իմ քայլը» հիմնադրամի և Հայաստանում Չինաստանի դեսպանության համագործակցության արդյունքում մեր 2024 թ․ «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի «Հաջողակ կին գործարարից` սկսնակ կին գործարարի» նախագծի մասնակիցներից երկուսը՝ Էմիլյա Միրզոյանը Տավուշից և Լիանա Մելքոնյանը Լոռիից, ներկայումս գտնվում են Չինաստանի մայրաքաղաք Պեկինում՝ մասնակցելու միջազգային կրթական ծրագրի՝ Seminar on Innovation and Development of Cultural Trade for Developing Countries:
Ծրագիրը կազմակերպում է Academy for International Business Officials (AIBO)-ը, որն ավելի քան 40 տարի օժանդակում է զարգացող երկրներին՝ կազմակերպելով վերապատրաստման և փորձի փոխանակման բարձրակարգ դասընթացներ պետական ծառայողների և գործարար հատվածի ներկայացուցիչների համար։
Հիշեցնենք, որ Էմիլյան զբաղվում է հյուրանոցային բիզնեսով Տավուշում՝ նպաստելով համայնքի զբոսաշրջային ներուժի զարգացմանը։ Լիանան Լոռու մարզում հիմնել է բնական խոտաբույսերով թեյերի արտադրություն՝ կապելով բնությունն ու ձեռնարկատիրությունը։ Երկուսն էլ մասնակցել են «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրին, ստանալով մասնագիտական վերապատրաստում և ֆինանսավորում հիմնադրամի կողմից իրենց բիզնես գաղափարների զարգացման համար։ Հիմա էլ՝ հիմնադրամի աջակցությամբ և չինական կողմի հրավերով` նրանք ստանում են միջազգային փորձ՝ ծանոթանալով Չինաստանի թվային մշակութային առևտրի զարգացման լավագույն փորձերին, նորարար գործելակերպին և գլոբալ ցանցերին։
Նման կրթական և միջազգային համագործակցային հնարավորությունները լինելու են շարունակական՝ նպատակ ունենալով զարգացնել տեղական ամենակարևոր ռեսուրսը` մարդկային ներուժը: