«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հաջողակից՝ սկսնակին» փոքր բիզնեսի աջակցման ծրագրի «Երիտասարդի երազանք» նախագիծը թևակոխել է իր ամենակարևոր փուլերից մեկը։ Ծրագրի առաջնային փուլերը հաղթահարած 25-40 տարեկան սկսնակ տղամարդ գործարարները, ովքեր մեր ծրագրի այս փուլի շահառուներն էին, վերջին ամիսներին մասնակցել են բիզնեսի պլանավորման և կառավարման համապարփակ դասընթացների՝ նպատակ ունենալով ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ բիզնեսը ճիշտ վարելու և աշխատաշուկայում հաստատվելու համար։
Այսօր, ապրիլի 2-ին, դասընթացների 86 մասնակիցների մի մասը հանդես եկավ հատուկ ձևավորված հանձնաժողովի առջև՝ ներկայացնելով իրենց գործարար ծրագրերը։ Սա վճռական պահ է նրանց համար, քանի որ ներկայացված ծրագրերի բովանդակությունից ու իրատեսական լինելուց է կախված՝ արդյոք դրանք կարժանանան դրամաշնորհի։ Հանձնաժողովը, թափանցիկությունը և արդարությունը ապահովելու համար, առաջին անգամ է լսում մասնակիցներին և պետք է գնահատի նրանց` նախապես սահմանված 14 չափորոշիչների հիման վրա (ներկայացման գնահատում, գործարար ծրագրի գնահատում): Տեղեկացնենք, որ ծրագրի հաջորդ խմբի լսումները կկայանան ապրիլի 9-ին:
2024 թվականի աշնանը կազմակերպված բարեգործական ընթրիքից գոյացած 62 մլն դրամին «Իմ քայլը» հիմնադրամն ավելացնելու է նաև իր ֆինանսական ռեսուրսներից՝ հնարավորություն ստեղծելով առավել մեծ թվով մասնակիցների համար օգտվելու այս կարևոր դրամաշնորհային ծրագրից։
Հանձնաժողովի անդամներն են՝
- Լենա Նազարյան – «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
- Վահագն Թևոսյան – «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ
- Հրաչ Հարությունյան – բիզնեսի զարգացման փորձագետ, խորհրդատու
- Արևիկ Մարգարյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ռազմավարական ոլորտների վարչության պետ
- Զառա Ասլանյան – ՀՀ ԿԳՄՍՆ Երիտասարդության հարցերի վարչության պետ
- Թալին Թօփալաքեան – «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն
- Վանանդ Կարապետյան – ՀՀ ԱՍՀՆ «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն
Բարեգործության նոր մշակույթ՝ «Հաջողակից` սկսնակին»
«Հաջողակից՝ սկսնակին» ծրագիրն ունի երկկողմանի առաքելություն։ Մի կողմից այն նպաստում է Հայաստանում փոքր ձեռնարկատիրության զարգացմանը՝ հաղթահարելով ֆինանսական, կրթական և շուկայական հիմնական խոչընդոտները։ Մյուս կողմից՝ ձևավորում է բարեգործության նոր մշակույթ, որտեղ բարեգործը դառնում է գործընթացի գիտակից մասնակից, իսկ աջակցությունը՝ թիրախային և հանրային բարիք ստեղծող։
Ծրագիրը նախատեսված է ամենատարբեր` արտադրական, սպասարկման, կրթական, մշակութային և այլ ոլորտներում գործող կամ նոր գաղափարներ ունեցող անձանց բիզնեսների համար։ «Հաջողակից սկսնակին» ծրագրի շրջանակներում ամեն նախագծի մեկնարկին հիմնադրամը հայտարարում է նախագծի նոր թիրախային խմբի մասին, որպեսզի ծրագիրը հասանելի դառնա հնարավորինս լայն շերտերի:
«Իմ քայլը» հիմնադրամը շարունակելու է մնալ կամուրջ՝ հաջողակ, հարուստ փորձառություն ունեցող գործարարների և փոքր, բայց նորարարական սկսնակների միջև։