«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը սիրով տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ իրականացվող «Կրթվելը նորաձեւ է» շարժման շրջանակներում հայտարարվում է մրցույթ: Առաջին անգամ հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները ունեն հնարավորություն՝ հիմնադրամի ֆինանսավորմամբ և աջակցությամբ, մասնակցելու մասնագիտական զարգացման միջազգային ֆորումների և սեմինարների: Այն լրատվամիջոցների ներկայացուցիչները, ովքեր ակտիվորեն կլուսաբանեն «Կրթվելը նորաձև է» շարժումը, կհրապարակեն գաղափարական և բովանդակային նյութեր կհանդիսանան մրցույթի մասնակից:
Սա մասնագիտական զարգացման և ինքնակրթվելու հիանալի հնարավորություն է, որի մրցանակներն ու մասնակցության պայմանները ներկայացված են ստորև.
1-ին տեղ
- 2 հոգու մասնակցություն Times Summer Academy-ին Լոնդոնում, որը տեղի կունենա հուլիսի 21-ից 25-ը և օգոստոսի 4-ից 8-ը: Ակադեմիան կներառի The Times-ի, The Sunday Times-ի և Times Radio-ի փորձառու լրագրողների և խմբագրական ղեկավարների հետ փորձի փոխանակում, ինչպես նաև շրջագայություններ խմբագրություններով և ստուդիաներով: Մասնակցության համար անհրաժեշտ կլինի լրացնել հայտ, որը կգնահատվի Times Summer Academy-ի կողմից: Ընտրվելու դեպքում ամբողջ ծախսերը` ներառյալ մասնակցության, կացության և ճանապարհածախսի, կհոգա «Իմ քայլը» հիմնադրամը: Հիմնադրամը նաև կաջակցի հայտի պատշաճ լրացման և դիմումի ներկայացման գործընթացին:
2-րդ տեղ
- ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 8-ից 10-ը Նյու Յորքում կմասնակցի Global First Ladies Academy-ին, որին ներկա են լինելու աշխարհի բազում երկրների առաջին տիկնայք: Ակադեմիան հիմնադրվել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով կրթական հատուկ ծրագրերի միջոցով աջակցել տարբեր երկրների առաջին տիկնանց՝զարգացնելու իրենց գիտելիքներն ու հմտությունները: Նպատակն է, որ նրանք անձամբ, որպես երկրի առաջին դեմքեր, նախաձեռնեն դրական փոփոխություններ իրենց երկրներում և շրջապատում՝ ոգեշնչելով ուրիշներին։ Լրատվամիջոցի ներկայացուցիչը հնարավորություն կունենա ուղեկցել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին և լուսաբանել այցը:
3-րդ տեղ
- «Իմ քայլը» հիմնադրամի և Հայաստանում Չինաստանի դեսպանության հետ համագործակցության շնորհիվ` 2 մասնակից հնարավորություն կունենա մասնակցելու Չինաստանում կազմակերպվող «Գոտի և Ճանապարհ» նախաձեռնության Թվային և մշակութային զարգացման սեմինարին, որը տեղի կունենա հունիսի 5-ից 18-ը Պեկինում: Կրթական ծրագիրը ներառում է թվային մշակութային զարգացման թեմաներ, ինչպես նաև այցեր երկրի տարբեր քաղաքներ՝ ծանոթանալու Չինաստանի մշակութային ժառանգությանը։ Այն կազմակերպվում է Չինաստանի Մշակույթի և Զբոսաշրջության Կառավարման Կենտրոնական Ակադեմիայի կողմից, իսկ սեմինարին մասնակցելու համար հրավեր է ուղարկվել բոլոր այն երկրներին, որոնք ներգրավված են «Գոտի և Ճանապարհ» նախաձեռնությունում:
Ընտրության ընթացակարգ և ժամկետներ
Վերոնշյալ մրցանակների հաղթողների ընտրության համար կձեւավորվի հանձնաժողով, որի կազմում մեկական ներկայացուցիչ կլինեն «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից, «Կրթվելը նորաձեւ է» շարժման կենտրոնական կոմիտեից, հայաստանյան ԶԼՄ-ներից: Առաջին 2 տեղերի մրցանակների համար արդյունքները կամփոփվեն հունիսի առաջին շաբաթվա ընթացքում, իսկ 3-րդ մրցանակի համար արդյունքները կամփոփվեն ապրիլի 30-ին: Ընտրությունը կկատարվի պարզ հաշվարկով՝ համոզվելով, որ ներկայացված նյութերը գաղափարական եւ բովանդակային են:
Հրապարակված բոլոր նյութերը պետք է ուղարկել հետեւյալ էլեկտրոնային հասցեին` [email protected] մինչև ստորև նշված վերջնաժամկետները:
Մրցանակ | Հրապարակված նյութերի քանակ | Նյութերն ուղարկելու վերջաժամկետ |
1-ին տեղ | 8 և ավել | Մայիսի 31 |
2-րդ տեղ | 8 և ավել | Մայիսի 31 |
3-րդ տեղ | 6 | Ապրիլի 29 |
Հավելյալ տեղեկություններ
Այս նախաձեռնությունը շարունակական է լինելու, և մոտ ժամանակներս ներկայացվելու են այլ հնարավորություններ, որոնք պարունակում են կրթական կոմպոնենտ։ Այն կոչված է աջակցելու անհատների մասնագիտական զարգացմանը և ինքնակրթման խթանմանը: