Այսօր «Հաջողակից սկսնակին» ծրագրի շրջանակում բիզնես կառավարման և պլանավորման դասընթացի երրորդ խմբի մասնակիցները ներկայացրեցին իրենց մշակած մարքեթինգային պլանները՝ ընդգծելով իրենց բիզնես գաղափարների մրցունակությունը, շուկայում դիրքավորման ռազմավարությունը և զարգացման հիմնական ուղիները։
Այս փուլը հնարավորություն է տալիս մասնակիցներին ներկայացնել իրենց աշխատանքը հիմնադրամի անդամներին, լսել նրանց արձագանքները, ստանալ դիտարկումներ իրենց պլանները կատարելագործելու համար, քանի որ ծրագրի ավարտին արդեն վերջնականացված գործարար ծրագրերով նրանք պետք է հանդես գան հատուկ ձևավորված հանձնաժողովի առջև: Հենց հանձնաժողովի անդամների գնահատումից հետո էլ սկսվելու է ֆինանսավորման փուլը:
Հիշեցնենք, որ ծրագրի շահառուները մինչ այս անցնում էին բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացներ, որպեսզի ստանան անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ՝ բիզնեսը ճիշտ վարելու և աշխատաշուկա մուտք գործելու համար: Փետրվարի 24-ին արդեն կայացել էր առաջին երկու խմբերի մարքեթինգային պլանների ներկայացումը։ Այսօր հերթը երրորդ խմբինն էր:
Ծրագրի այս փուլում մասնակիցները նաև ամենշաբաթյա անհատական տեղեկատվական թարմացումներ են ստանում՝ իրենց նախագծերը կատարելագործելու և ծրագրի շրջանակում առավելագույն հնարավորություններ օգտագործելու համար։