Այսօր` մարտի 5-ին, ստորագրվեց համագործակցության հուշագիր «Իմ Քայլը» հիմնադրամի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջև՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանի Հանրապետությունում բնակվող, ինչպես նաև սփյուռքից վերադարձած երիտասարդների մասնագիտական զարգացմանը և ինտեգրմանը։ Հուշագիրը ստորագրեցին «Իմ Քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը և սփյուռքի գործերի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը:
Հուշագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել մասնագիտական վերապատրաստումներ, ծրագրեր, միջոցառումներ՝ միտված երիտասարդների մասնագիտական կարողությունների ամրապնդմանը, հանրային իրազեկման աշխատանքներ՝ հայրենադարձների համար նոր հնարավորությունների ստեղծման նպատակով։ Կողմերը նաև համատեղ ջանքեր կգործադրեն աջակցելու նախաձեռնություններին՝ միտված երիտասարդների ներառմանը Հայաստանի տնտեսական, կրթական և սոցիալական կյանքում։
Հուշագիրը գործում է անորոշ ժամկետով և ձևավորելու է շարունակական համագործակցության ամուր հիմքեր։