«Իմ Քայլը» հիմնադրամում կրթությունը վաղուց դարձել է գործելակերպի հիմք։ Մենք հավատում ենք, որ նոր հմտություններ ձեռք բերելը, մասնագիտական զարգացումը և շարունակական ուսուցումը պետք է լինեն ոչ միայն մեր ծրագրերի առանցքում, այլև կազմեն մեր թիմի առօրյայի անբաժան մասը։ Հենց այս մտածողությամբ հիմնադրամի ողջ անձնակազմը շարունակում է վերապատրաստման դասընթացների մասնակցությունը նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու և ավելի արդյունավետ գործելու համար։
Վերջին ամիսների ընթացքում մեր թիմը մասնակցել է մի շարք դասընթացների՝ սկսած ծրագրերի կառավարումից մինչև ժամանակի և փոփոխությունների կառավարում։ Այսօր մեկնարկեց ևս մեկ կարևոր ուսուցողական փուլ՝ անգլերենի դասընթացները, որոնք նախատեսված են հիմնադրամի աշխատակիցների լեզվական հմտությունների կատարելագործման համար։
Վերջերս անցկացված լեզվական մակարդակի թեստավորման արդյունքում ձևավորվել են երկու խմբեր, ովքեր առաջիկա երկու ամիսների ընթացքում կբարելավեն իրենց անգլերենի մակարդակը՝ մասնագիտական գործունեության շրջանակներում միջազգային գործընկերների հետ հաղորդակցության հմտությունները զարգացնելու նպատակով։