Այսօր տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման կենտրոնական կոմիտեի հերթական նիստը։
Օրակարգում քննարկվեց շարժման ռազմավարական ուղղությունը՝ ներառյալ առաջարկված նպատակները, սկզբունքները և ընդհանուր դրույթները։ Հաջորդ քայլը կլինի տակտիկական գործողությունների և գործիքակազմի սահմանումը, որոնք ուղղված կլինեն ռազմավարության կենսագործմանը։
Նիստի երկրորդ հատվածում քննարկվեց մարզային կոմիտեներ ձևավորելու սկզբունքը։ Որոշվեց ամեն մարզում ստեղծել 5-9 հոգանոց կոմիտեներ՝ հստակ կառուցվածքով։ Սկզբնական փուլում կոմիտեները կձևավորվեն Վայոց Ձորում, Սյունիքում, Լոռիում և Գեղարքունիքում, քանի որ այս մարզերում ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը արդեն ունեցել է հանդիպումներ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում։ Նպատակն է, որ այդ հանդիպումների ակտիվ մասնակիցները, ովքեր իրապես կիսում են կրթության կարևորության գաղափարը, ընդգրկվեն մարզային կոմիտեների կազմում և լինեն մարզերում գաղափարի տարածման շարժիչ ուժը։
«Կրթվելը նորաձև է» շարժման նպատակն է ամեն ինչ և բոլորից սովորելու հանդեպ սերը դարձնել վարակիչ և համընդհանուր արժեք՝ հասցնելով այն Հայաստանի ամենահեռավոր համայնքի ամենավերջին տանն ապրող մարդուն։