Շաղաթցի Շահենին շատ ժամանակ պետք չէր, որ հասկանա՝ իր մասնագիտությունը գյուղատնտեսությունն է։ Դեռ նոր էր հաճախում «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի «Ագրոտեխնոլոգիա» խմբային ուսուցման դասերին, երբ որոշել է՝ պետք է հողագործությամբ զբաղվի ու բիզնես հիմնի։
Չնայած երիտասարդ է, բայց տարբերում է ժամանակակից ու ավանդական գյուղատնտեսության տարբերությունը՝ աշխատանքը համեմատաբար քիչ է, արդյունավետությունը կրկնակի բարձր։ «Ագրոտեխնոլոգիա» խմբակ հաճախել է մեկ տարի, ստացած գիտելիքները կիրառել իր ջերմոցում։ Պատմում է՝ սեզոնին վարունգ ու լոլիկ է աճեցրել, 1.2 տոննա բերք ստացել ու վաճառել: Գնորդները համագյուղացիներն են: Հիմա էլ տարբեր տեսակի կանաչիներ է աճեցնում։
«Ագրոտեխնոլոգիան» ինձ վրա լավ հետք թողեց, ես հասկացա, որ ես պետք է մի լավ գործ անեմ իմ հայրենիքի համար։ Որոշեցի օգնեմ ծնողներիս և իմ տեղն ունենամ գյուղատնտեսությունում։ Ստացածս գիտելիքներն ամբողջապես կիրառել եմ իմ ջերմոցում, մասնավորապես, թե ի՞նչ պետք է անեմ, որ բերքը չհիվանդանա։ Նպատակ ունեմ ջերմոցս մեծացնել ու բերքս գյուղից դուրս՝ ավելի մեծ շուկա հասցնել»,- պատմում է Շահեն Դավթյանը։
Շահենը «Ագրոտեխնոլոգիա» խմբային ուսուցման դասերին մասնակցելուց հետո նաև մասնագիտության հարցում է կողմնորոշվել և 2024-25 ուստարին արդեն որպես Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանող է սկսել։ Վստահեցնում է, եթե չլիներ «Ագրոտեխնոլոգիան», ինքը դժվար թե ագրարայինի ուսանող դառնար։ Ու թեև այլևս Շաղաթի դպրոցի աշակերտ չէ, «Ագրոտեխնոլոգիայի» դասերին պարտաճանաչ մասնակցում է ու նոր գիտելիքներ ստանում։
Շաղաթ գյուղը առաջատար է, մեկ տարվա ընթացքում Շահենի հետ միասին ևս 6 աշակերտ կողմնորոշվել ու գործերը ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղ են տվել։ Շաղաթի դպրոցի կենսաբանության ուսուցչուհի և «Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական դասընթացի խմբակավար Մարիա Խաչատրյանը գոհունակությամբ ասում է՝ լավ սաներ է տվել համալսարանին։
«Եթե չլիներ «Ագրոտեխնոլոգիան», իմ աշակերտները չէին գնա ագրարային համալսարան։ Որպես ապացույց նշեմ, որ գործնական աշխատանքնենրից մեկին մասնակցելու ցանկություն հայտնեցին նաև մեր դպրոցի 9-րդ դասարանի երկու աշակերտներ։ Գործնական աշխատանքի ընթացքում ծանոթացան ինտենսիվ այգեգործությանը, խելացի անասնագոմին, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցային տնտեսությանը։ Երբ դասընթացն ավարտվեց և վերադարձանք դպրոց, 9-րդ դասարանցի աշակերտներից մեկն ասաց, որ գործերը տալու է ագրարային համալսարան, չնայած, որ մինչև այդ նպատակ ուներ երաժիշտ դառնալ։ «Ագրոտեխնոլոգիան» իրոք մեծ նշանակություն ունի, խմբակը երեխաներին ուղղորդում է և օգնում իրենց մասնագիտական կողմորոշման հարցում»,- մանրամասնում է Մարիա Խաչատրյանը։
Ուսուցչուհին ընդգծում է նաև դուալ կրթական մոդելի կարևորությունը և ժողովրդական մի խոսք հիշեցնում՝ «Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել»․ ըստ Մարիա Խաչատրյանի, գործանական դասերը շատ կարևոր են և տեսական գիտելիքներն ամրապնդվում են միայն այն դեպքում, երբ գործնականում կիրառում են դրանք։ «Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական դասընթացի խմբակավարը վստահ է՝ ծրագիրը պետք է շարունակվի և հնարավորինս շատ գյուղերում, որտեղ աշխատանքը քիչ է։ Ըստ մանկավարժի, երբ երեխան գիտելիք է ստանում և տեղեկացված է լինում, նոր տեխնոլոգիաների մասին պատմում է ծնողներին, ապա ընդլայնում են գյուղատնտեսությունը, մեծացնում անասնագոմը, աշխատանքից էլ ավելի շատ արդյունք են ստանում։