«Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի «Ագրոտեխնոլոգիա» խմբային ուսուցման մասնակից Հայկ Գրիգորյանին ծրագիրն ի սկզբանե է գրավել ամառային ճամբարով և գործնական դասերի առատությամբ։ Հայկը Գորայքի միջնակարգ դպրոցի աշակերտ է և երբ տեղեկացել է, որ իրենց դպրոցում մեկնարկում է «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը, ոգևորված գրանցվել է։
«Ամառային ճամբարը շատ հետաքրքիր էր, շատ ինֆորմացիա ստացանք, օրինակ, թե ի՞նչ բաղադրություն ունի հողը, թե ո՞ր հողում ի՞նչ կարող է աճել, ինչպես ընտրել ճիշտ հող։ Ծանոթացել ենք նաև անասնապահության առանձնահատկություններին։ Մենք անասնապահությամբ ենք զբաղվում, բայց գոմ չունենք և երբ տեսա, թե խելացի անասնագոմերն ինչպիսի հնարավորություններ են տալիս գյուղացուն և որքան են հեշտացնում նրանց աշխատանքը, մեծ ցանկություն ունեցա հենց խելացի անասնագոմ ունենալ։ Նոր տեխնոլոգիաները հիմա շատ կարևոր են գյուղացու համար։ «Հորիզոններ»-ի շրջանակում շատ մարդկանց հետ եմ շփվել և նոր գիտելիքներ եմ ստացել։ Վստահ եմ, որ կմասնակցեմ խմբային ուսուցմանը նաև հաջորդ տարի»,- նշել է ծրագրի մասնակից Հայկ Գրիգորյանը։
Բռնակոթի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Անահիտ Խաչատրյանի տարերքն էլ ջերմոցային տնտեսություններն են։ «Ագրոտեխնոլոգիա» խմբային ուսուցման դասընթացներին արդեն երկրորդ տարին է մասնակցում։ Հասցրել է մասնակցել տարբեր դասընթացների ու խմբակների ու հիմա վստահ է՝ պետք է ջերմոց հիմնի։
«Ինձ շատ է դուր գալիս ջերմոցային տնտեսությունը, բույսերի հետ սիրում եմ աշխատել։ Շատ եմ ուզում, որ «Ագրոտեխնոլոգիա» խմբային ուսուցման գործնական դասընթացներն ավելի շատ լինեն, քանի որ այդպես ավելի շատ գիտելիքներ ենք ստանում։ Ապրելով գյուղում ու տեսնելով ընտանիքիս անդամների աշխատանքն արդեն գիտակցում եմ, որ խելացի գյուղատնտեսությունը մեր ապագան է և այն թույլ է տալիս բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը։ «Ագրոտեխնոլոգիայի» ընթացքում ստացած գիտելիքներով արդեն կիսվում եմ ծնողներիս հետ և նպատակ ունենք առաջիկայում հող ձեռք բերել և կա՛մ ջերմոց, կա՛մ ինտենեսիվ այգի հիմնենք ու այդ հարցում վստահաբար կօգնեմ ընտանիքիս անդամներին իմ ստացած գիտելիքներով»,- պատմել է Անահիտ Խաչատրյանը։
Երկու դպրոցներում էլ «Ագրոտեխնոլոգիայի» մասին երեխաներին պատմել է կենսաբանության ուսուցչուհին՝ Իսկուհի Հովհաննիսյանը։ Վստահեցրել է, որ թե՛ Բռնակոթում, թե՛ Գորայքում «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի «Ագրոտեխնոլոգիա» խմբային ուսուցմանը մասնակցում են բարձր դասարանների բոլոր աշակերտները։
«Խմբակի միջոցով երեխաները կարողացան հասկանալ ու տարբերակել ժամանակակից գյուղատնտեսությունը ավանդականից։ Շատերն արդեն որոշել են, որ գյուղատնտեսության ոլորտում կրթություն ստանալուց հետո վերադառնալու են իրենց գյուղեր ու շենացնեն հայրենի բնակավայրերը։ Ծրագիրը շատ եմ կարևորում, գործնական դասընթացները շատ արդյունավետ են, երեխաները տեսնելով ինտեսնիվ այգիները, նոր տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցներն ու խելացի անասնագոմերը, արդեն պատկերացնում են, որ քիչ ռեսուրսով հնարավոր է մեծ բիզնես հիմնել ու շատ եկամուտ ստանալ»,- ընդգծել է Իսկուհի Հովհաննիսյանը։
Կրթությունը բազմակողմանի դարձնելու համար դպրոցական ուսմանը զուգահեռ պետք է նաև արտադպրոցական ծրագրեր լինեն և «Ագրոտեխնոլոգիան» լրացնում է այդ բացը՝ շեշտել է Բռնակոթի միջնակարգ դպրոցի տնօրեն Հայարփի Սահակյանը։ Ու չափազանց կարևոր է, որ գյուղում ապրող երեխաները մասնակցեն հենց գյուղատնտեսության հետ կապված կրթական ծրագրերի։
«Երբ իմացանք, որ մեր դպրոցում գործարկվելու է «Ագրոտեխնոլոգիա» խմբակը, ոգևորված էինք, քանի որ մեր գյուղում նման ծրագիր երբեք չէր իրականացվել։ Գյուղում ապրող երեխաները իրենց տներում կամ տնտեսություններում ինքնաբերաբար մասնակցում են գյուղատնտեսական աշխատանքների, և երբ նրանց առաջարկեցինք ծանոթանալ խելացի գյուղատնտեսության ընձեռած հնարավորություններին, որոնք փորձարկված են, ավելի խելամիտ և իրականացվում են գիտական ապացուցում ստացած մեթոդներով, բոլորը աշակերտները ցանկացած մասնակցել դասընթացին»,- իր դպրոցի փորձը ներկայացրել է Հայարփի Սահակյանը։
Թե՛ մանկավարժները, թե՛ աշակերտները կարծում են, որ ծրագիրը կարևոր է, արդյունավետ և պետք է լինի շարունակական, հատկապես գյուղական բնակավայրերում, քանի որ գյուղատնտեսությունը հենց գյուղաբնակների հիմնական զբաղմունքն է։