Այսօր պաշտոնապես մեկնարկեց «Հաջողակից՝ սկսնակին» փոքր բիզնեսի աջակցման ծրագրի հերթական փուլը, որն իրենից ենթադրում է դասընթացների խտացված ծրագիր։ Նախորդ տարվա կին գործարարների համար նախատեսված ծրագիրն իր հաջողության շնորհիվ հիմք հանդիսացավ շարունակական դարձնելու այս նախաձեռնությունն ու մեկնարկելու «Երիտասարդի երազանք» նախագիծը, որի շահառու կարող էին լինել 25-40 տարեկան սկսնակ տղամարդ գործարարները: :
Այս փուլում հարյուրավոր դիմորդներից ընտրվել են 86 մասնակիցներ, որոնք կազմել են չորս խմբեր։ Նրանք առաջիկա մեկ ամսվա ընթացքում մասնակցելու են Բիզնես կառավարման և պլանավորման խորագրով դասընթացների, որոնք կվարի փորձառու բիզնես խորհրդատու Մհեր Դավոյանը իր թիմի հետ միասին։ Դասընթացները նպատակ ունեն լրացնել գործարար հմտությունների պակասը՝ կենտրոնանալով մենեջմենթի, մարքեթինգի, կազմակերպաիրավական պլանավորման և օրենսդրության կարևորագույն կետերի վրա։
Դասընթացների ավարտին մասնակիցները, աշխատելով իրենց թիմերի և խորհրդատուների հետ, պետք է ներկայացնեն իրենց բիզնես պլանները, որոնք կուսումնասիրվեն և կգնահատվեն հատուկ կազմված հանձնաժողովի կողմից։ Արդյունքում՝ առավել իրատեսական և հետաքրքիր ծրագրերը կստանան ֆինանսավորման հնարավորություն՝ դրամաշնորհի տեսքով։
«Հաջողակից՝ սկսնակին» ծրագիրը «Իմ Քայլը» հիմնադրամի կարևոր նախաձեռնություններից է, որը նպատակ ունի խթանել փոքր բիզնեսի զարգացումը և ձևավորել բարեգործության նոր մշակույթ, որտեղ կայացած գործարարները ներդրում են կատարում սկսնակ ձեռնարկատերերի զարգացման գործում։
Ծրագրի հետագա ընթացքին կարող եք հետևել «Իմ քայլը» սոց մեդիայի պաշտոնական էջերում։