Դեկտեմբերի 30-ին կայացել է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Ամանորյա մեծ վիճակահանությունը։
Վիճակահանությանը մասնակցելու համար անհրաժեշտ էր ձեռք բերել 500 հազար, 1 մլն և 1,5 մլն դրամ արժողությամբ տոմսեր՝ համարակալված սիմվոլիկ նվերի տեսքով։ Վիճակահանության մասնակիցներն այս ընթացքում ավելի քան 100 տոմս են ձեռք բերել։
Տոմս ձեռք բերած մասնակիցների համար կազմակերպված վիճակահանությունն իրականացրել են «Իմ Քայլը» հիմնադրամի շահառուները, աշխատակիցները, իսկ վերջին համարը թմբուկից հանել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի դուստրը՝ Արփի Փաշինյանը։
Վիճակահանության արդյունքում 16 հաջողակներ ստացել են թանկարժեք նվերներ՝ «Փյուռ» պիլատեսից մարզադահլիճի տարեկան փաթեթ, «Նաիրի» բժշկական կենտրոնում ամբողջական բուժզննման փաթեթ՝ նախատեսված 2 անձի համար (1 կին և 1 տղամարդ), ոսկյա զարդեր «Արծրունի» ոսկերչական ընկերությունից, Չարենցի անվանական մետաղադրամ, Iphone 16 pro հեռախոս, «Հոմի ֆեմիլի հաուս բայ Գուրմենիա»-ից մեկօրյա հանգիստ գիշերակացով Դիլիջանում, թանկարժեք ապահովագրության 4 փաթեթ «Ինգո» ապահովագրականից, թանկարժեք արվեստի գործեր հիմնադրամի բարեկամներից և «ԱՐԱՄԵ» պատկերասրահի ղեկավարությունից (գեղանկարիչ Ժանսեմի օրիգինալ գործերից «Սթեֆանին շախմատավոր զուգագուլպաներով» թուղթ ջրանշանով, գունավոր վիմագրություն, Էդուարդ Իսաբեկյանի «Իմպրեսիոնիզմի» ուղղության արվեստի գործերից «Բնորդուհին հարդարվելուց» թուղթ, ջրաներկ և գեղանկարիչ Անատոլի Գրիգորյանի արվեստի գործերից), «Flyone» ավիաընկերության կողմից 2 անձի համար նախատեսված ուղևորություն և հյուրանոցի ամրագրում:
Բոլոր նվերները հաղթողներին կփոխանցվեն առաջիկա օրերին։
«Իմ Քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անունից շնորհակալություն է հայտնել վիճակահանության բոլոր մասնակիցներին, քանի որ մասնակցությունը նպաստում է Հիմնադրամի 2025 թվականի ծրագրերի իրականացմանը։