Կատարի մայրաքաղաք Դոհա կատարած այցի ընթացքում «Իմ Քայլը» հիմնադրամի գործառնությունների և հանրային կապերի գծով փոխտնօրեն Դավիթ Մկրտչյանը և մշակութային ծրագրերի համակարգող Անի Թովմասյանը դեկտեմբերի 8-ին և 9-ին հյուրընկալվել են «Մադա» աջակցող տեխնոլոգիաների, «Ալ Շաֆալլահ» վերականգնողական և «Նուր» կույրերի կենտրոններում։
Այս կենտրոնների հետ կապը ձևավորվել է դեռ մայիսին, երբ «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանն այցելել էր Դոհա, շրջել կենտրոններում, հանդիպել ենտրոնների ղեկավար կազմին: Այս ամենին հաջորդել էր վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի փոխադարձ հրավերը՝ մասնակցել սեպտեմբերին Երևանում անցկացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովին: Կատարական կողմն ընդունել էր հրավերը և ժամանել Երևան: Գործակցության հաջորդ քայլը «Իմ Քայլը» հիմնադրամի ներկայացուցիչների ճանաչողական այցն էր:
Դավիթ Մկրտչյանի և Անի Թովմասյանի առաջին կանգառը «Մադա» կենտրոնում էր, որը զբաղվում է աջակցող տեխնոլոգիաների ներդրմամբ։ Մշակելով տարատեսակ նորարար սարքավորումներ՝ կենտրոնը նպատակ ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց կյանքը հեշտացնել ու բազմաթիվ ծառայություններ նրանց համար դարձնել հասանելի։ Մշակում ու տարբեր կենտրոններում կիրառում են տեսողության, տեղաշարժի խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված սարքավորումներ, ունեն տեխնոլոգիաներ նաև հատուկ խնամքի կարիք ունեցողների համար։
«Այնուհետև մենք այցելեցինք «Ալ Շաֆալլահ» վերականգնողական կենտրոն, որտեղ իրականացվում են կրթական, մասնագիտական վերապատրաստման, աշխատանքի տեղավորման և մի շարք այլ ծրագրեր, տրամադրվում են վերականգնողական ծառայություններ»,- տպավորություններով կիսվել է հիմնադրամի փոխտնօրեն Դավիթ Մկրտչյանը։
«Ալ Շաֆալլահ» կենտրոն է այցելում տարբեր աստիճանի առողջական խնդիրներ և հատուկ խնամքի կարիք ունեցող ավելի քան 600 անձ։ Կենտրոնի տարածքում կան լսարաններ, երաժշտության, նկարչության սենյակներ, երեխաներին այստեղ սովորեցնում են ամեն ինչ՝ կոշիկ կոճկելուց մինչև բույս տնկել։ «Նուր» կույրերի կենտրոնում ևս կրթական և մասնագիտական վերապատրաստման ծրագրեր են իրականացվում, տրամադրվում են նաև թերապևտիկ ծառայություններ։ Այս կենտրոնը մասնագիտացված է և աշխատում է բացառապես տեսողական խնդիրներ ունեցող անձանց հետ։
«Մեր այցի նպատակն է կրթվել, նոր գիտելիքներ ձեռք բերել, ծանոթանալ նոր մշակույթի հետ, քանի որ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը նախաձեռնել է «Կրթվելը նորաձև է» արշավ, ըստ որի՝ կրթությունը պետք է դառնա երկրի թիվ մեկ տրենդ, իսկ 2025 թվականը հայտարարվել է կրթվելու տարի։ Հենց այդ տրամաբանության մեջ էլ մենք Կատարի մայրաքաղաք Դոհայում ենք, որտեղ, այցելելով մշակութային և սոցիալական խնամքի տարբեր կենտրոններ, իրականացնում ենք փորձի փոխանակում, ծանոթանում ենք հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց տրամադրվող ծառայություններին, կրթական, մասնագիտական վերապատրաստման ծրագրերին ու, ընդհանրապես, կատարական փորձին և շարունակական կրթության տեսակետից շատ կարևոր է նաև այլ երկրներ այցելությունը»,- նշել է Դավիթ Մկրտչյանը։
Հիմնադրամի փոխտնօրենի խոսքով, Կատարում ծառայությունների որակը բավականին բարձր է, այդ թվում աջակցող տեխնոլոգիաների կիրառման տեսանկյունից, և այդ փորձը պետք է բերել Հայաստան ու տեղայնացնել այն։ Ըստ «Իմ Քայլը» հիմնադրամի գործառնությունների և հանրային կապերի գծով փոխտնօրեն Դավիթ Մկրտչյանի՝ մասնագիտական և կրթական լավ ծրագրերից բացի աջակցող տեխնոլոգիաներն այսօր անհրաժեշտություն են։
«Իմ Քայլը» հիմնադրամի և երեք կենտրոնների գործակցությունը շարունակական բնույթ է կրում։ Փոխադարձ այցերն ու փորձի փոխանակումը կլինեն պարբերական։