Արուս Ղազարյանը 2020 թվականին է հիմնել բիզնեսը։ Այնպիսի գործ ընտրեց, որ տարածքում ոչ ոք դեռ չէր զբաղվում դրանով․ ամուսնու հետ որոշեցին Դեղձավան գյուղը հայտնի դարձնել իր ձիթապտղով ու ձիթայուղով։
Բերքը ստանում են իրենց այգուց, սակայն բիզնեսի համար սեփական այգու պտուղները չեն բավարարում և անհրաժեշտ քանակը լրացնում են տարածքում ձիթապտղի այգիներ ունեցող գյուղացիներից գնելով։
Արտադրական ծավալները ավելացնելու մասին էր մտածում Արուս Ղազարյանը, երբ համացանցից տեղեկացավ նախ «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» խորագրով բարեգործական ընթրիքի, ապա նաև դրամաշնորհային նախաձեռնության մասին։ Արուսը դիմեց, անցավ բոլոր փուլերը ու հայտնվեց լավագույն 42 սկսնակ կին գործարարների շարքում․ Արուսի ներկայացրած բիզնես պլանը երկրորդն էր՝ ամենաբարձ միավորներ հավաքածների շարքում։
Ստացած 1 մլն դրամ դրամաշնորհով Արուսը նախ ձիթապտուղ ձեռք բերեց, որից և՛ ուտելու համար նախատեսված ձիթապտուղ պատրաստեց, և՛ ձիթայուղ քամեց՝ սառը ճզմման եղանակով։ Նաև ձեռք բերեց տարաներ, խցաններ ու պիտակներ։
Արուս Ղազարյանը վստահ է՝ «Իմ Քայլը» հիմնադրամի այս ծրագիրն իր նման բազմաթիվ սկսնակ գործարարների կոգևորի և կօգնի զարգացնել սկսած գործն ու հասնել ավելի մեծ հաջողությունների։