Նոյեմբերի 12-ից «Իմ Քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուների համար մեկնարկել են բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացները։ Ծրագրի երրորդ փուլին մասնակցում է 83 շահառու՝ Կոտայքի, Արարատի և Վայոց ձորի մարզերից։ Դասընթացներն անցկացվում են Հրազդանում, Մասիսում և Արենիում։
Բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացներին մասնակցում է 73 շահառու, մյուսներն ընտրել են վերապատրաստման այլ դասընթացներ՝ հաշվապահություն, 3D մոդելավորում, օտար լեզուներ, SMM և մարքեթինգ, ավտովարում, խոհարարություն և այլն։ Շահառուներից 3-ն էլ նախընտրել են փորձաշրջան անցնել որևէ ընկերությունում ՝ SMM և IT ուղղություններով։
«Շահառուները դասընթացավարների հետ միասին այս ընթացքում մշակում են իրենց բիզնես գաղափարները, ուսումնասիրում են շուկան, հաշվարկում են ֆինանսավորման չափը, սովորում են հաշվարկներ իրականացնել՝ ապագա բիզնեսն արդյունավետ կառավարելու համար։ Այս ամենից հետո շահառուները, դասընթացավարների օգնությամբ, ներկայացնում են իրենց անհատական բիզնես պլանները կամ այլ կերպ ասած՝ գործարար ծրագրերը»,- պատմում է «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ղեկավար Անահիտ Խալաթյանը։
Շահառուներից շատերն արդեն կողմնորոշվել են, թե որ ոլորտներում են ծավալելու իրենց գործունեությունը։ Մեծամասնությունն ընտրել է գյուղատնտեսություն ոլորտը՝ անասնապահություն, թռչնաբուծություն, ջերմոցային տնտեսություն, մեղվապահություն, մսի և կաթնամթերքի արտադրություն։ Կան նաև հացաբուլկեղենի ու լավաշի, գինու արտադրամասերի, հյուրատան, արագ սննդի և ավտոտեխսպասարկման կետերի հիմնման բիզնես գաղափարներ։
«Արդեն երկու շաբաթ է՝ դասընթացները մեկնարկել են, և կարող եմ ասել, որ հետաքրքրվածությունը բավականին բարձր է, մասնակիցները թե՛ խմբային հանդիպումների, թե՛ անհատական դասերի ժամանակ բավականին ակտիվ են, սիրում են աշխատել, մոտիվացիան բարձր է։ Շահառուները փորձում են այս դասընթացներից առավելագույն ինֆորմացիա ստանալ՝ հետագայում բիզնեսները ճիշտ կառավարելու նպատակով»,- նշում է ծրագրի ղեկավարը։
Բիզնեսն արդյունավետ կառավարելու համար շահառուներից որոշները դիմել են նաև հավելյալ դասընթացների համար։ Ցանկանում են հաշվապահություն, SMM սովորել, խորհրդատվություն ստանալ, օրինակ, թե ի՞նչ է պետք ծնեբեկ աճեցնելու կամ լավաշ թխելու համար։ Վերապատրաստման այս դասընթացները մեկնարկելու են դեկտեմբերից։ Բիզնեի պլանավորման և կառավարման դասընթացները կտևեն մինչև 2025-ի հունվարի 12-ը, ինչից հետո արդեն կմեկնարկի բիզնես գաղափարները ֆինանսավորելու գործընթացը։