Երկար տարիներ վարկային մասնագետ լինելը չէր խանգարել Ալվինա Գաբրիելյանին սիրած բիզնեսը հիմնել։ Ստեփանակերտում տարիներ առաջ հրուշակեղենի արտադրամաս էր հիմնել։ Երբ 2023 թվականի սեպտեմբերին ստիպված էին լքել Ստեփանակերտը, Ալվինա Գաբրիելանը որոշել էր՝ բիզնեսը շարունակելու է նաև Երևանում։
Երևանում տարածք գտնելը ամիսներ է տևել։ Այդ ընթացքում արդեն Ալվինան տեսել էր «Իմ Քայլը» հիմնադրամի «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի անոնսը։ Որոշել է դիմել ծրագրին, նախ մասնակցել է ցուցահանդես-վաճառքին և բոլորին ներկայացրել բելգիական հումքով և բելգիական շոկոլադին ոչնչով չզիջող իր օրիգինալ կոնֆետները։ Հետո արդեն իմացել է, որ իր բիզեսը ներառվել է «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնության հաղթողների շարքում։
Ստացած 1 մլն դրամ դրամաշնորհով Ալվինան հիմնել է երևանյան արտադրամասը, ձեռք բերել երկու վառարան, հարիչ, սառնարան, կահույք և այլն։
«Հաճախորդները շատանում են, հավանում են և՛ շոկոլադը, և՛ թխվածքները, ուրախանում եմ, որ գալիս են։ Շատ լավ է, որ նման ծրագրեր կան ու շատ ավելի լավ կլինի, որ ավելանա նմանատիպ ծրագրերի թիվը և նաև տրամադրվող գումարը»,- պատմում է ծրագրի շահառուն։