Արդեն 3 տարի է՝ Արևիկ Ուզունյանը Նորաբաց գյուղում, իր տան նկուղում հիմնած արհեստանոցում պատրաստում է ձեռագործ, բնական հումքից խնամքի միջոցներ ու օճառներ։ Իր արտադրանքը տարբերվում է նախ տեսքով՝ բոլորը կենդանիների կերպարներ են, որոնք նկարազարդված են։ Արտադրանքը հիմնականում երեխաների համար է։
Պատվերների քանակի ավելացմանը զուգահեռ Արևիկին պետք էր ավելացնել արտադրական հզորությունը։ Հեռուստացույցից է տեղեկացել, որ «Իմ Քայլը» հիմնադրամն իրականացնում է «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» ծրագիրը, 1 մլն դրամ դրամաշնորհ տարամադրում։
Հաղթահարելով երկու փուլերը՝ Արևիկի յուրահատուկ բիզնեսը հայտնվել է 42 հաջողակ կին գործարարների ցանկում։ Ստացած 1 մլն դրամով ձեռք է բերել գույք, հարիչներ, օճառ պատրաստելու նոր պնակներ, հումք։
«Դրամաշնորհը թույլ է տալիս կարճ ժամանակում ավելացնել արտադրական ծավալները, արտադրանքի քանակը, կարողանում ես ընդլայնել վաճառքի ծավալները, ավելացնել տեսականին, այսինքն այն, ինչը պետք է անեիր մի քանի տարվա ընթացքում, դրամաշնորհի միջոցով կարողանում ես իրագործել մի քանի ամսում»,- ընդգծում է ծրագրի շահառու Արևիկ Ուզունյանը։
Արևիկի համար մեծ ձեռբերում կլինի սեփական խանութի հիմնումը, որի ուղղությամբ արդեն իսկ աշխատում է։