Նոյեմբերի 5-ին ավարտվել է «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի «Երիտասարդի երազանք» նախագծի շրջանակում ծրագրի շահառու դառնալու համար հայտարարված հայտերի ընդունման վերջնաժամկետը․ ստացվել է 368 հայտ:
Ստացված հայտերի ուսումնասիրման արդյունքում առաջին փուլը հաղթահարել են 223 հայտեր: Մնացած հայտերը չեն համապատասխանել Հիմնադրամի կողմից նախապես հայտարարված պայմաններին, այն է՝ ծրագրի շահառու կարող էին դառնալ 25-40 տարեկան սկսնակ տղամարդ գործարարները:
Նոյեմբերի 23-ից կմեկնարկի հայտերի ուսումնասիրման հարցազրույցի փուլը: Հիմնադրամի ծրագրային թիմը և բիզնեսի պլանավորման և կառավարման անկախ մասնագետները հարցազրույց կանցկացնեն առաջին փուլը հաղթահարած բոլոր մասնակիցների հետ, որի արդյունքում կորոշվեն արդեն ծրագրի կրթական բաղադրիչի՝ բիզնեսի պլանավորման և կառավարման, գաղափարների մշակման և զարգացնան դասընթացների մասնակիցները:
Դասընթացների արդյունքում մասնակիցները կկազմեն անհատական բիզնես պլաններ, որոնցից լավագույնները կարժանանան դրամաշնորհի և կստանան ֆինանսավորում իրենց բիզնես գաղափարը կյանքի կոչելու կամ գործող փոքր բիզնեսներն ընդլայնելու նպատակով: