Երվանդ Քոչարի արվեստը նոր՝ Պերֆորմանս-Ինստալացիայի լեզվով։ Այս կերպ 20-րդ դարի մեծագույն նկարիչ-քանդակագործներից մեկի՝ Երվանդ Քոչարի ստեղծագործությունները մարմին ու ձայն են ստանում։
«Քոչար 360°» վերնագրով Պերֆորմանս-Ինստալացիայի դրամատուրգիական կոնցեպտի հեղինակն է ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար, «ԱՐՏ-ԻՄԱԺ» մշակութային հկ-ի նախագահ Սաթէ Խաչատրյանը, իսկ ներկայացման բեմադրողը՝ ֆրանսիացի պարուսույց Մուրադ Մերզուկին։
««Իմ Քայլը» հիմնադրամը համաֆինանսավորում է «Քոչար 360°» ներկայացումը, որը նվիրված է 20-րդ դարի խոշորագույն և կարևորագույն արվեստագետ, նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի 125-ամյակին։ Ներկայացման նպատակն է կյանք տալ Քոչարի քանդակ-նկարներին՝ ստեղծելով երկխոսություն դասական արվեստի և ժամանակակից տեխնոլոգիաների միջև։ «Քոչար 360°»-ը բազմաժանր ներկայացում է, որը միավորում է պարավեստը, կենդանի երաժշտությունն ու պատկերային համակարգը։ «Իմ Քայլը» հիմնադրամը մեծ ուշադրություն է դարձնում մշակութային կյանքին և արվեստին, ունենք բազմաթիվ նախաձեռնություններ ու ծրագրեր, որոնք կշարունակվեն մշակվել ու իրագործվել նաև 2025 թվականին։ Նման նախաձեռնություններից մեկն այս ներկայացման համաֆինանսավորումն է և այս կարևոր մշակութային միջոցառմանը մասնակցելը»,- նշել է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը։
Ներկայացումը Հայաստանում ցուցադրվել է երկու անգամ՝ նոյեմբերի 6-ին և 7-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում։ Ներկայացման հեղինակները փորձել են ներկայացնել Քոչարի պատկերային ու տարածական մտածողությունը։ Ներկայացման ընթացքում հնչել են Երվանդ Քոչարի հարցազրույցներից հատվածներ, որոնցից մեկում էլ Քոչարը նշել է․ «Նկարչության մեջ պետք է որոշ չափով մարգարե լինել և այսօրվա մեջ տեսնել վաղը»։
«Ես գիտեմ, որ մեր իրականության մեջ սա շատ տարածված ժանր չէ, բացարձակ նորարարություն էլ չէ, որովհետև թե՛ ամբողջ աշխարհում, թե՛ Հայաստանում ինստալացիա-պերֆորմանսներ արվում են։ Մենք ընտրեցինք Քոչարին այս ձևով և այս ոճով ներկայացնել, քանի որ Քոչարն իր մտածողությամբ արդեն բազմաժանր է, և ինձ համար Քոչարի հանճարն առաջին հերթին իր ժամանակից առաջ լինելու մեջ է, այսինքն դեռ մի քանի տասնամյակ առաջ Քոչարն արդեն մտածում էր այնպիսի բաներ, որ հետագայում արվեստի մեջ պիտի ծնվեին և տարածում ստանային»,- ընդգծել է բեմադրության ռեժիսոր Սաթէ Խաչատրյանը։
Պերֆորմանսն առաջիկայում կբեմադրվի նաև Ֆրանսիայում, որտեղ երկար տարիներ ապրել ու ստեղծագործել է Քոչարը, որտեղ ցուցադրվել են իր ստեղծագործությունները, այդ ժամանակների հանճարների՝ Պիկասոյի, Լեժեի, Պիկաբիայի, Մատիսի և այլոց գործերի կողքին։ Նախագծի իրականացումը թույլ է տալիս հանդիսատեսին առավել մանրամասն ծանոթանալ և բացահայտել Քոչարի արվեստը: