Դավթյանների լուսանկարչական սրահը 25 տարվա պատմությունն ունի, Եղեգնաձորում ամենահներից է։ Ընտանեկան բիզնեսի կառավարումը Նանե Դավթյանի հայրը մեկ տարի առաջ հանձնել է դստերը։ Երիտասարդ ու նոր գաղափարներով զինված Նանեն նոր շունչ է բերել սրահ՝ ասում են ընտանիքի անդամները։
Չնայած, որ սրահի հիմնական գործառույթը լուսանկարչությունն է, տարիների ընթացքում ընդլայնել են ծառայությունները՝ կատարում են տպագրություն շապիկի, բաժակի վրա, պատրաստում փազլ-լուսանկարներ։
«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի մասին Նանե Դավթյանն իմացել է սոցիալական մեդիայից։ Դիմել է ծրագրին՝ ունենալով ներքին համոզմունք՝ դրամաշնորհ է ստանալու։ Ներքին զգացողությունը Նանեին չի խաբել, և նա հայտնվել է լավագույն 42 կանանց շարքում, որոնք ստացել են 1 մլն դրամ դրամաշնորհ։
«Իմ բիզնեսում մարդկային գործոնից բացի շատ կարևոր է ժամանակակից տեխնիկայի դերը, դրա համար նպատակ ունեինք ընդլայնել բիզնեսը և արդիականացնել սարքավորումները։ 1 մլն դրամով գնել եմ տպիչ սարք, լուսանկարչական տեսախցիկ, լույսեր, լամինացիայի սարքավորում և կտրող գործիք։ Մեր սպասարկման որակն առնվազն կրկնակի բարելավվել է։ Եթե նախկինում 1 լուսանկարը տրամադրում էինք 5 րոպեում, հիմա տրամադրում ենք 2-ում»,- պատմում է ծրագրի շահառու Նանե Դավթյանը։
Առնվազն վերջին 3 տասնամյակում կանանց դերը բիզնեսում ավելացել է ու շարունակում է ավելանալ՝ պնդում է Նանե Դավթյանը, վստահեցնում՝ կանայք պակաս պատասխանատու, կազմակերպված ու տնօրինող չեն, քան տղամարդիկ։ Ըստ ծրագրի շահառուի, նման դրամաշնորհները շատ կարևոր են, քանի որ բարձրացնում են կանանց դերը բիզնեսում և նպաստում են տնտեսական զարգացմանը։