
Եթե մի ծրագրում դասավանդելու համար Հայաստան են գալիս աշխարհի առաջատար գիտնականներ, ապա այդ ծրագիրն ինքնին կարևոր է։ Դա նոր փորձ, աշխատանքային նոր մեթադաբանություն, նոր աշխարհայացք է բերում հայկական կրթական միջավայր: Սա նաև հնարավոր է դառնում «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի “Quanta” քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի միջոցով՝ ասել է Կանադայի Լավալի համալսարանի պրոֆեսոր, ֆիզիկոս Տիգրան Գալստյանը։
«Ես նաև կարևորում եմ այս ծրագիրը, քանի որ այն թույլ է տալիս գիտությամբ զբաղվող կամ հետաքրքրված մարդիկ չպարփակվեն իրենց փոքրիկ միջավայրում, այլ տեսնեն՝ թե ինչ է կատարվում աշխարհում, ինչ կերպ են ուսուցանում և կրթվում լավագույն ԲՈՒՀ-երում։ “Quanta” ծրագիրը շատ հետաքրքրի ու լավ ծրագիր է»,- նշել է Լավալի համալսարանի պրոֆեսորը։
Հաճելի է, երբ տեսնում ես, որ ուսանողները հետաքրքրված են քո առարկայով՝ պատմում է Տիգրան Գալստյանը։ Արդեն երկրորդ անգամ “Quanta” ծրագրի շրջանակում դասավանդելու եկած պրոֆեսորն այս անգամ կարողանում է նաև համեմատություն անել․
«Նախորդ տարվա ուսանողները շատ խելացի էին, հետաքրքրված, անգամ այս տարի նրանցից ոմանք հյուր եկան, զրուցեցինք, հպարտություն զգացի տեսնելով, որ ոմանք բավականին առաջ են գնացել ու խորացել գիտության մեջ, այս տարի էլ նկատում եմ, որ ուսանողներն էլ ավելի ակտիվ են, ու շատ հաճելի է տեսնել դա։ Եթե այսպես շարունակեն, ես կարծում եմ՝ լավ ապագա կունենան։ Ամենակարևոր բանը հետաքրքրասիրությունն է, և եթե նրանք իսկապես հետաքրքրված են այս ոլորտով, ապա վստահաբար նրանց առաջ ճանապարհներ ու հնարավորություններ կբացվեն»,- ընդգծում է պրոֆեսոր Գալստյանը։
Կանադայում Տիգրան Գալստյանը դասախոսություններ է կարդում «Ինժեներական ֆիզիկա» թեմայով։ Զուգահեռ ղեկավարում է գիտական լաբորատորիաներ Լավալի համալսարանում։ “Quanta” ծրագրի շրջանակում դասախոսում է «Ֆոտոնիկա» առարկան, այդ թվում՝ օպտիկա և օպտիկական տեխնոլոգիաներ թեմաներով։ Պրոֆեսորը վստահ է, որ Հայաստանում գիտական, մասնավորապես, ֆիզիկայի ոլորտը զարգացնելու մեծ պոտենցիալ կա և լսարանում գտնվող ուսանողները փազլի կարևոր մասնիկներ են։
«Կարծում եմ, որ ծրագիրը պետք է շարունակականություն ունենա, արդյունքը անմիջապես չի երևում, դրա համար ժամանակ է անհրաժեշտ և կրթությանը զուգահեռ անհրաժեշտ է ձևավորել համապատասխան էկոհամակարգ։ Եթե ես չհավատայի, որ դա հնարավոր է, ես այստեղ չէի լինի։ Լիահույս եմ, որ իմ ուսանողները փոքր քայլերով կարող են նպաստել այդ էկոհամակարգի ձևավորմանը»,- շեշտել է պրոֆեսորը։
Ըստ պրոֆեսոր Գալստյանի, ուսանողներից շատերը կարող են գիտական աշխարհում մեծ հաջողությունների հասնել, դրա համար պարզապես պետք է սիրել ֆիզիկան ու աշխատել առանց ջանք խնայելու: